Որդեգրումների դեպքերի ժամանակ երեխայից զրկել են հատկապես այն ծնողներին, ովքեր սոցիալական ապահովության խնդիր են ունեցել

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Human Rights Watch-ի նախօրեին հրապարակած զեկույցը, որտեղ նշվում է, որ մարդու իրավունքների ոլորտում առկա են խնդիրներ: Նույն տեսակետն ունեմ: Դեկտեմբերին կառավարության նիստին հաստատված մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգը նույնպես քննադատական ոգով է խոսում առկա վիճակի մասին: Տեղ-տեղ Հյումն Ռայթս Ուոչի և կառավարող ուժի վերլուծությունը նույնական է, օրինակ խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառման և նման դեպքերի քննության մասով: Մենք խնդիրներից չպիտի խուսափենք և չենք խուսափում: Ավելին, մեր մոտեցումն է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում կառավարող ուժից ավելի մեծ ջատագով չպետք է լինի: Իսկ որ ամենակարևորն է, այդ նույն հայեցակարգի գործողությունների ծրագրում նշված են ժամանակի և որակի առումով չափելի լուծումներ: Տեսակետ կա, որ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իշխանության կատարած աշխատանքները բավարար չեն եղել: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր ձեր աշխատանքն արդյունավետ վերջին 1-1,5 տարվա ընթացքում: Անհերքելի է, որ մենք ունենք առաջընթաց քաղաքական որոշ իրավունքների իրացման հարցում, ինչպիսիք են ընտրական իրավունքը, կարծիքի արտահայտման իրավունքը և մամուլի ազատությունը: Ձեռքբերում է նաև այն, որ պետության կողմից արձանագրված իրականությունը նույնական է անկախ դերակատարների կողմից արձանագրված իրադրության հետ: Սակայն մենք դեռ շատ աշխատելու տեղ ունենք բոլոր քաղաքականությունները իրավունքահենք դարձնելու և մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական և կիրառական գործիքները մեր քաղաքացիներին անխնա տրամադրելու հարցում: Զեկույցում նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ավելի շատ խոցելի խմբերն են տուժել: Կիսո՞ւմ եք այս տեսակետը: Այդ պնդումը մարդու իրավունքների ոլորտում գրեթե «աքսիոմատիկ» ճշմարտություն է: Շատ ավելի հեշտ է ոտնահարել այն մարդու իրավունքը, ով ի սկզբանե գտնվում է խոցելի վիճակում կամ նրան վերագրվում է նման խոցելիություն: Օրինակ, աղքատությունը կամ սոցիալական ապահովության իրավունքի թերիրացվածությունը մարդուն դարձնում է ավելի խոցելի իր մյուս իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից: Հիշենք, օրինակ, որ որդեգրումների դեպքերի ժամանակ երեխայից զրկել են հատկապես այն ծնողներին, ովքեր սոցիալական ապահովության խնդիր են ունեցել: Մյուս կողմից, կան հատկանիշներ, որոնցով մարդը խոցելի է երևակայվում, սակայն այդպես չպետք է լինի: Օրինակ, եթե մի մարդու արտաքինը չի համապատասխանում մյուս մարդու «ընդունելի» արտաքինի չափանիշների հետ, ապա նրա իրավունքները, օրինակ աշխատանքի ընդունվելիս հավասար վերաբերմունքի արժանալու իրավունքը ոտնահարելը համարվում է «ընդունելի»: Սա չի նշանակում, թե կա խոցելի արտաքին: Կա արտաքինի խոցելի լինելու մասին թյուրընկալում, որը մենք պետք է փոխենք: Զեկույցում անդրադարձ կար նաև Ստամբուլյան կոնվենցիային, որտեղ մտահոգություններ էին հնչում: Ձեր կարծիքով իշխանությունն ի՞նչ պետք է անի կոնվենցիան ճիշտ ներկայացնելու, հասարակությանն իրազեկելու առումով, երբ կա նման մեծ դիմադրություն: Նախ «նման մեծ դիմադրություն» չկա Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի կոնվենցիայի դեմ: Կա դիմադրություն` երբեմն նաև բեմականացված դիմադրություն այդ կոնվենցիային վերագրվող, սակայն դրա բովանդակության հետ առնչություն չունեցող գաղափարների դեմ, օրինակ ամուսնությունը միասեռական անձանց միջև: Իսկ իրականում կոնվեցիան նրա մասին է, որ ընտանիքում առավել քան ցանկացած այլ միջավայրում բռնությունը անթույլատրելի է, քանի որ այդտեղ մարդիկ պետք է կարողանան միմյանց վստահել առավել քան ցանկացած այլ միջավայրում: Այսինքն՝ ընտանիքը առանձնակի հոգածության առարկա է՝ այդտեղ ծագած խնդիրների լուծման առանձնահատուկ մեխանիզմներով: Չեմ կարծում, որ սրա շուրջ հանրային համերաշխություն ձևավորելը դժվար է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
17-01-2020 23:02