Հայատյացությունն Ադրբեջանում ստացել է ահագնացող բնույթ. ՄԻՊ

18-01-2020 15:06

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանում հայատյացությունը համարում է պետության քաղաքականության մի մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում: «Սա առիթ է արձանագրելու էթնիկ, ազգային հիմքով այն դաժան հանցագործությունները, որոնք ուղեկցվել են սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Փաստերը վկայում են, որ այդ բոլոր գործողությունները կատարվել են առանձնակի դաժանություններով, պայմանավորված են եղել էթնիկ ու ազգային հիմքով, հիմնված ատելության վրա, և ունեցել են կազմակերպված բնույթ: Հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլև գնալով ստացել է ահագնացող բնույթ, վերածվելով պետական աջակցություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետության քաղաքականության մասը»,- ասաց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ: «Ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որ առնչություն ունի հայկականության հետ: Բուդապեշտում 2004թ. ոճրագործ արարքով, կացնով դաժանաբար սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Այս առիթը հերթական անգամ օգտագործվեց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից՝ խրախուսելու ատելությունն ու հայասպանությունը»,- նշեց նա: Արման Թաթոյանը հիշեցրեց նաև 2016 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված վայրագությունների մասին:

Lragir.am,
18-01-2020 15:06