Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն

18-01-2020 16:13

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը ցեղասպանություն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեգլարյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում: «Կարող ենք արձանագրել, որ Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները և գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»,- ասաց Բեգլարյանը: Արտակ Բեգլարյանը նշեց, որ միանշանակ է, որ Ադրբեջանի իշխանություններն են եղել ջարդերի կազմակերպիչը: «Բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց իշխանությունները աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»,- նշեց նա:

Lragir.am,
18-01-2020 16:13