Ռուսաստանի սահմանները «այրվում են» ամբողջ եզրագծով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով իր ապագայի մասին հարցին, ժպիտով մեջբերել է Վիկտոր Չեռնոմիրդինի խոսքը՝ անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, հատկապես ապագայի: Չեռնոմիրդինը ճիշտ էր՝ վերջին տարիներին Ռուսաստանը ոչ թե ապագայի, այլ անցյալի կանխատեսումներ է անում՝ փորձելով պարտադրել գործող աշխարհակարգի իր տարբերակը՝ Ռուսաստանի առաջատար դերով: Անցյալը հիշելը պայմանավորված է «հրդեհով». Ռուսաստանի ամբողջ եզրագծով սահմաններն այրվում են, եւ երկրները, որոնց Ռուսաստանը դասում է իր հաղթանակների թվում, սկսում են խոսել իրենց իրավունքների մասին: Հունվարի 16-ին Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել Խորհրդային Միության կողմից Լատվիայի Հանրապետության օկուպացիայի 80-րդ տարելիցի առթիվ, որում ընդգծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության խեղաթյուրման անթույլատրելիության մասին: Խորհրդարանի պատգամավորները Ռուսաստանից՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի, պահանջել են ճանաչել Լատվիայի օկուպացիայի ու Լատվիայի անօրինական գրավման փաստը եւ զերծ մնալ քաղաքական դրդապատճառ ունեցող ռեւիզիոնիզմից: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը առարկել է օգոստոսի 21-ը 1968 թվականի օկուպացիայի զոհերի հիշատակի օր հռչակելու Չեխիայի մտադրությանը: Չեխիայի նախագահ Զեմանը դա բացարձակ լկտիություն է անվանել եւ հիշեցրել, որ կմտածի՝ արդյոք արժե Մոսկվա գնալ ու մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի միջոցառումներին: Էստոնիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել Տարտուի պայմանագրով ամրագրված տարածքները: Հունվարի 9-ին Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձեւով դատապարտել է ռուս քաղաքական գործիչների, այդ թվում նախագահ Վլադիմիր Պուտինի «սադրիչ» ու «կեղծ» հայտարարությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Լեհաստանի դերի մասին: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատերազմի պատասխանատվության մի մասը Լեհաստանինն է, նրա քաղաքական ղեկավարությունը հակասեմական էր, իսկ նացիստական Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յուզեֆ Լիպսկուն ստահակ ու հակասեմական խոզ է անվանել: Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության ռեւիզիա անելիս փորձում է հենվել Իսրայելի վրա: Բայց Թել Ավիվը չի թաքցնում, որ այդ պատերազմում իրեն միայն մի հարց է հետաքրքրում՝ Հոլոքոսթը, դրա դատապարտումն ու Իսրայել պետության ստեղծումը: Իսրայելի ԱԳՆ-ն պատրաստվում է իր պատմության երբեւէ ամենախոշոր միջպետական միջոցառմանը: Տարբեր երկրների տասնյակ ղեկավարներ, այդ թվում՝ Պուտինը, հունվարի վերջին մեկնելու են Երուսաղեմ, որ նշեն «Օսվենցիմի» մահվան ճամբարների բանտարկյալների ազատման 75-ամյակը: Ռուսաստանում դա փորձում են ներկայացնել որպես Իսրայելի աջակցությունը պատմության ռուսական տարբերակին, բայց իրականում միջոցառումը նվիրված է Օսվենցիմի բանտարկյալների ազատագրման 75-ամյակին: Կուրիլյան կղզիների հարցը հազիվ է հաջողվում պահել քաղաքակիրթ հունում, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան խոսում են ռուսական օկուպացիայի մասին, եւ դա ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Հայաստանում խոսում են 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի մասին, որոնցով օկուպացվել է Հայաստանի տարածքը: Ղրիմի բռնակցումով Ռուսաստանը բացեց Պանդորայի արկղը, եւ հիմա փորձում է հարձակումներից պաշտպանվել «անցյալի ռեւիզիոնիզմով»:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
18-01-2020 21:19