Գազի գնի մասով կա օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջան

Lragir.am-ի զրուցակին է ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Պարոն Մանուկյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չեն բացառում, որ հնարավոր է առաջիկայում գազի սակագնի թանկացման հայտ ներկայացվի հանձնաժողով: Կառավարությունում կամ Ազգային ժողովում այդ հարցով քննարկում եղե՞լ է վերջին շրջանում: Առնվազն իմ մասնակցությամբ որևէ քննարկում չի եղել: Ես տեղյակ եմ վերջին զարգացումներից, քննարկումներ կային, որ սահմանին գազի գինը ընդհուպ մինչև 20 տոկոսով կարող էր թանկանալ: Տարբեր փորձագետներ այս մասին վստահ պնդումներ էին անում: Բայց արդեն ակնհայտ է, որ դրանք սուտ և աժիոտաժ առաջացնող պնդումներ էին: Ընդհուպ թվեր էին հնչեցնում, որ 2020 թվականի հունվարին գազի գինը սահմանին 200-210 դոլար էր դառնալու: Բայց եթե սահմանին գազի գինը չի թանկանում, որքանո՞վ կարող է արդարացված լինել սակագնի թանկացումը: Դա պետք է քննարկենք օրենսդրության շրջանակներում: Ըստ էության սակագնային տարի հասկացությունը կա, որի շրջանակներում վեց ամիսը մեկ անգամ ՀԾԿՀ տիրույթում գտնվող և բնակչության լայն խավերի վրա ազդող ծառայությունների սակագների մասով վերանայման գործընթաց է տեղի ունենում: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման արդյունքում որևէ փոփոխություն չեղավ: Անգամ կարծես նվազեցման գործոններ էին առկա, սակայն վարկի սպասարկման մաս կար այնտեղ: Հիմա նույն տրամաբանությամբ նաև գազի գնի մասով կա օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջան: Եվ եթե օրենսդրությունը նայենք՝ նաև ընկերություններն իրենց ծախսային հիմնավորումները ներկայացնելիս՝ կարող են հայտեր ներկայացնել: Առնվազն այս պահի դրությամբ ՀԾԿՀ կայքում որևէ հայտ չկա: Բայց եթե մենք դիտարկում ենք 2019 թվականի հունվարի մեկից սահմանին գազի գնի՝ 15 դոլարով թանկացումը, սա այլ հավասար պայմաններում պետք է ավտոմատ հանգեցներ նաև բնակչության համար գազի գնի փոփոխության՝ բարձացման: Ինչո՞ւ, որովհետև այն ռեսուրսը, որը դու ստանում ես, և քո ինքնարժեքի մեջ այն բավական մեծ մասնաբաժին ունի, եթե թանկանում է, նախնական գնահատումներով, դրա հնարավոր ազդեցությունը սակագնի վրա պետք է լիներ մոտ 5 տոկոս: Հիմա ներքին արդյունավետության և այլ ռեսուրսների հաշվին այդ հնարավոր ազդեցության փոխհատուցման ուղղությունները կարծես թե բացահայտվեցին՝ ի հեճուկս որոշ փորձագիտական պնդումների: Եվ որևէ հայտ չի քննարկվել ՀԾԿՀ կողմից՝ 2019 թվականի և 2020-ի սկզբի համար: Բայց միաժամանակ մենք պետք է հասկանանք, որ գազի գնի վրա մի խումբ գործոններ են ազդում, օրինակ, գնաճը: Եվ հենց այդ սահմաններում գազի գնի փոփոխությունը միջնաժամկետ հատվածում նաև ճնշում է գազի գնագոյացման վրա: Այդ ներքին արդյունավետությունը հավերժ մեծություն չէ, և կարծում եմ՝ նաև ՀԾԿՀ համար չափազանց կարևոր է նաև համակարգի հուսալիությունը և ֆինանսական կայունությունը: Հիմա, թե այս համատեքստում ինչ կլինի, ես չեմ կարող ասել: Եթե  անգամ հայտ լիներ, ՀԾԿՀ-ն 40-օրյա ժամկետում այն պետք է ուսումնասիրի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով համակարգում է այս աշխատանքները, հայտարարել է, որ մինչև ապրիլի մեկը գազի սակագնի որևէ բարձրացում չի ակնկալվում: Սակագնի հնարավոր թանկացումը քանի՞ տոկոսով կարող է լինել: Չափազանց կարևոր է, որ մենք կոնկրետ իրավիճակով գնահատենք: 2019 թվականին, եթե սահմանին գազը 15 դոլարով թանկացել էր, այլ հավասար պայմաններում դա ընդհանուր սակագների վրա ճնշում է գործադրում: Այս բոլոր հարցերի հասցեատերը ՀԾԿՀ-ն է, որն անկախ կառույց է և պետք է բոլոր նախնական հաշվարկներն ունենա, որպեսզի դիտարկի՝ կա՞ վերանայման անհրաժեշտություն, թե ոչ: Դրանից հետո մյուս կողմը ընկերությունն է, որը ևս իր ծախսերի հիմնավորվածության գնահատականի հիման վրա կարող է դիմել հանձնաժողով: Գազի սակագնի հնարավոր թանկացումը տնտեսության ու սպառողների համար ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել: Ես չեմ կարող դա հիմա ասել, ես չեմ կարող իմանալ, թե վերանայումները կամ «Գազպրոմ Արմենիայի» ծախսային կառուցվածքն ինչպիսին է: Այս պահի դրությամբ ես իրենց ֆինանսական հաշվետվությունններն եմ ուսումնասիրում, բայց դրանք մեկ ու կես տարվա վաղեմության են: Օրենքով դեռ հրապարակված չէ 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը: Երբ «Գազպրոմ Արմենիան» դիմի հանձնաժողով, այդ ժամանակ նաև հանրային վերահսկողության հնարավորություն կլինի, որպեսզի հայցում դրված մոտեցումներն ուսումնասիրվեն:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
19-01-2020 21:08