Բոլոր վարկածները սեղանին են. ՀՀ ԱԽ քարտուղարը Կուտոյանի մահվան դեպքի քննության մասին

19-01-2020 22:26

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին: Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց՝ բոլորն են հետաքրքրված, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննությունը բաց լինի և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի դրա ընթացքի մասին: «Քննչական մարմինն ամբողջովին այս պահին ինչ անհրաժեշտ է՝ տեղեկացնում է»,- նշեց Արմեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրված են, որ գործի հետաքննությունն ամբողջովին բաց լինի: «Բոլոր վարկածները սեղանին են: Մենք այս պահին եզրահանգման չենք եկել, բայց հետաքննությունն այդ ամեն ինչը կպարզի»,- հավելեց նա: Արմեն Գրիգորյանը կոչ արեց, մասնավորապես, դեպքի առթիվ սոցիալական ցանցերում գրառում կատարողներին զսպվածություն ցուցաբերել և հնարավորություն տալ քննչական և անվտանգության բոլոր մարմիններին հնարավորինս բաց հետաքննություն կատարել և ներկայացնել հանրությանը: ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին Վանեցյանը ճանաչել է իր կյանքում: «Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա»,- նկատեց Վանեցյանը: ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, գործող և նախկին իշխանությունների բազմաթիվ այլ ներկայացուցիչներ:

Lragir.am,
19-01-2020 22:26