Եթե գազի գնի բարձրացում լինի, պետությունը կմեղմի դրա հետեւանքները

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Պարոն Պապոյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը և չի բացառվում, որ ընկերությունը դիմի ՀԾԿ հանձնաժողովին համապատասխան հայտով: Եթե նման հայտ ներկայացվի, ի՞նչ խնդիրների առաջ ենք կանգնում: Փոխվարչապետը նշել էր, որ մինչև ապրիլ բանակցություններ են ընթանալու, հետևաբար, մինչև ապրիլ որևէ թանկացում չի լինի: Ինչ վերաբերում է ապրիլից հետոյին, ապա, ինչպես գիտեք, գազի գինը բազմագործոնային է և կախված է նրանից, թե արդյոք օրինակ «Գազպրոմն» իր դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» համար գազը կթանկացնի, թե չի թանկացնի: Գիտենք, որ 2019-ի հունվարի 1-ից մեկ անգամ արդեն թանկացրել է` 150 դոլարից դարձնելով 165 դոլար, որը սակայն չի ունեցել սպառողների համար նշանակություն, որովհետև ՀՀ կառավարության սկզբունքային որոշման արդյունքում, որոշում է կայացվել, որ դա չպետք է լինի: Դա, ըստ էության, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվին է տեղի ունեցել: Այստեղ կա հարցերի շարք. այդ թանկացման հետևանքով «Գազպրոմ Արմենիայի» կողմից ներդրումներ այլևս չեն արվում, տեղի է ունենում որոշակի ծախսերի կրճատում: Հիմա իրենք այս հարցերի ամբողջ փաթեթը հնարավոր է ներկայացնեն ՀԾԿ հանձնաժողով, և հանձնաժողովը պետք է գնահատի ներկայացված փաստարկներն ու հիմնավորումները: Եթե հիմնավորումները չլինեն բավարար և համոզիչ, ես կարծում եմ, որ սակագնի փոփոխություն չպետք է լինի: Այսինքն՝ սա զուտ տնտեսագիտական հաշվարկի դաշտ է, բայց ես կարծում եմ, որ մեր տնտեսությունը ցանկացած սցենարի պատրաստ է, և էական գնաճային ճնշումներ, կարծում եմ, չեն լինի: Ցանկացած պարագայում մենք ունենք պլան Բ, որը կիրականացնենք: Այդուհանդերձ, եթե Ռուսաստանը գնա գազի գնի բարձրացման, դա լինելու է տնտեսակա՞ն, թե քաղաքական հաշվարկի արդյունք: Եթե անգամ հիպոթետիկ ընդունենք, որ կլինի թանկացում, ապա Հայաստանը աշխարհում ամենացածր գազի գին ունեցող երկրներից մեկն է լինելու: Եթե քաղաքական լիներ, մենք շուկայական գներով կստանայինք գազը: Սա քաղաքատնտեսական որոշում է: Քաղաքական է, որովհետև էժան ենք ստանում գազը, միաժամանակ տնտեսական է, քանի որ չի կարող գազը լինել անվճար: Այսինքն՝ ինչ-որ գին, այնուամենայնիվ, պետք է գազի համար վճարել: Ինչ վերաբերում է նրան, թե որքանով կբարձրանա կամ չի բարձրանա գազի գինը, դա բանակցությունների ընթացքում է որոշվելու: Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում, օրինակ, ես կցանկանայի, որ հայտարարվեր, որ գազը չի թանկանում, «Գազպրոմ Արմենիան» էլ չի դիմում հանձնաժողովին այդ հարցով: Բայց եթե անգամ որոշակի բարձրացում լինի, մեր բնակչությունը մտահոգվելու կարիք բացարձակապես չունի, որովհետև բոլոր գործիքները կկիրառվեն դրա հնարավոր ազդեցությունը մեղմելու համար: Գազի թանկացումը բերելու է նաև շղթայական թանկացման: Ես հենց դրա մասին էի ասում, որ անպայման կզսպվի գնաճը և շուկայական գործիքներով, և ոչ շուկայական, վարչարարական գործիքներով, նաև պետական գործիքների ներդրմամբ: Այս պահին ես ուզում եմ մեր քաղաքացիներին վստահեցնել, որ շղթայական ռեակցիայի մասին բացարձակապես խոսք լինել չի կարող: Մենք հիմա խոսում ենք ինչ-որ մի հիպոթետիկ զարգացման մասին, որ կարող է նման բան տեղի ունենալ: Ընդհանրապես, կանխատեսում անելը շատ անշնորհակալ գործ է: Եւ ասել, որ կարող է նաև չբարձրանալ գազի գինը, որովհետև հիմա ընդամենը ընթանում են բանակցություններ, ծախսերի հաշվարկ, նաև այն, թե ապագայում ինչպիսի ներդրումներ ենք ուզում ունենալ: Կարող է, օրինակ, գազի գինը չբարձրանալ, և «Գազպրոմ Արմենիայի» կողմից ներդրումներ չլինեն: Մենք պետք է քննարկենք, թե որն է ավելի կարևոր: Հայաստանում գազաֆիկացման որոշակի մակարդակը պայմանավորված է բարձր գնով: Այսինքն՝ «Գազպրոմը» որոշ տարածքներ գազաֆիկացնում է, հետո դա ներառում է գազի սակագնի մեջ: Ստացվում է, որ մարդիկ սկսում են ավելի բարձր գին վճարել նաև այն մարդկանց համար, որոնք գազ չունեին և ունեցան: Եթե գազը միայն Երևանում և քաղաքներում լիներ, գազի գինը շատ ավելի ցածր կլիներ, բայց քանի որ գյուղական բնակավայրերում հիմնականում գազը հասանելի է, դրա հաշվին բոլորս որոշակիորեն վճարում ենք: Պարոն Պապոյան, երբ նոր էիք եկել իշխանության, անգամ խոսք էր գնում գազի սակագնի իջեցման մասին: Հիմա հակառակն է տեղի ունենում: Մենք 150 դոլարով գնում էինք գազը, վաճառում էինք իքս գնով, հիմա գնում ենք 165-ով, վաճառում ենք իքս գնով: Այո, այդ 15 դոլարի մասով նվազում եղել է: Եթե նայենք Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ապա ինչ պետք է տեղի ունենար. կամ ուղղակի գինը բարձրանալու էր, կամ չէր բարձրանում, բայց անցնում էր մի կես տարի, և ռազմավարական մեծ օբյեկտ էր տրվում պարտքի դիմաց: Հիմա անցել է ժամանակը, և մենք նորից հայտարարում ենք, որ որևէ պարտավորություն այդ մասով չունենք, չենք ունենալու, և դա ամբողջովին տեղի է ունեցել Գազպրոմ Արմենիայի ակտիվների և ընդհանրապես իր ֆինանսական միջոցների հաշվին: Հետևաբար, մեր քաղաքացիների համար գազի գինը կարող էր բարձրանալ, բայց չի բարձրացել, սա նույնպես մեր քաղաքական և տնտեսական բարեփոխումների հետևանքն է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
21-01-2020 19:36