ԱԳՆ-ն և ՀԱՀ հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետը համագործակցության հուշագիր են կնքել

21-01-2020 20:38

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին հանդիպում է անցկացրել Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ֆակուլտետի դեկան Բրայան Էլիսոնը և ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Հանդիպմանը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և դեկան Բրայան Էլիսոնը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագիրը, որի նպատակն է նախարարության գործունեության բնագավառին առնչվող ծրագրերի շրջանակներում հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և երկխոսության այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ երիտասարդ մասնագետների առավել լայն ներգրավվածություն: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորեց Հայաստանի կրթական կյանքում Ամերիկյան Համալսարանի դերը՝ որպես բազմաոլորտ մասնագետների պատրաստաման դարբնոց: Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ ԱԳ նախարարը նշեց, որ այն մեծ պատասխանատավություն, նվիրվածություն, միևնույն ժամանակ ստեղծագործ մոտեցում պահանջող աշխատանք է: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներին ու մոտեցումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
21-01-2020 20:38