Սկսվում է լավ լուրով. մեկն արել է իր գործը, հերթը բոլորինն է

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգի համատեքստում չկա կիսանախագահական կառավարման մոդելի վերադարձի մտադրություն: Դա թերեւս Սահմանադրության փոփոխության հարցում առաջին ողջունելի տեղեկություններից մեկն է: Կիսանախագահական մոդելի վերադարձի կոչ օրերս արել էր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: Կիսանախագահական մոդելի մասին ակնարկ արեց նաեւ Գագիկ Ծառուկյանը, որը մի քանի տարի առաջ ՀԱԿ կուսակցության հետ ոչիշխանական դաշինքի մեջ էր: Ծառուկյանը հայտարարեց, թե ինքը դեմ էր կիսանախագահականից խորհրդարանականի անցնելուն, քանի որ պատերազմող երկրի համար դա նպատակահարմար չէ: Երբ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ գնաց խորհրդարանական մոդելի, նրան մեղադրեցին հավերժ իշխանության պահպանման մոդել ստեղծելու համար: Ֆորմալ իմաստով դա այդպես էր, քանի որ Սերժ Սարգսյանը կարող էր լինել անընդհատ վարչապետ, եթե ՀՀԿ-ն լիներ անընդհատ մեծամասնություն: Բայց Ռոբերտ Քոչարյանին էլ նույն ցմահ իշխանության մեխանիզմի համար մեղադրում էին 2005 թվականի Սահմանադրության փոփոխության ժամանակ, մինչդեռ նա չկարողացավ պահել իշխանությունը, թեեւ ուներ բավական հետաքրքիր սցենար եւ մոդել: Փաստը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը գործնականում ոչ թե պահեց իշխանությունը ցմահ, այլ մոտեցրեց դրա վախճանը: Սակայն, կամա թե ակամա, նա այդուհանդերձ մատուցեց կարեւոր ծառայություն: Որովհետեւ խորհրդարանական կառավարման մոդելը, իր ներկայիս մեխանիզմի հնարավոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ Հայաստանում հանրային համակեցության եւ քաղաքականության արդիականացման թերեւս առավել պարարտ հողն է: Այդ մոդելը գործնականում ստիպում է պայմանավորվել հնարավորինս ընդգրկուն շրջանակով եւ հնարավորինս բազմակենտրոն: Այն անշուշտ դեռ երկար ժամանակ է գտնվելու Հայաստանում ձեւավորված քաղաքական ավանդույթների եւ մշակույթի հետադիմական բնույթի ազդեցության, հասկացությունների եւ պատկերացումների, արժեքների իներցիայի ազդեցության տակ: Բայց, եթե Հայաստանը չգտնի այդ ամենը հաղթահարելու ուժ խորհրդարանական մոդելի պարագայում, կիսանախագահականի կամ նախագահականի վերադարձը ոչ միայն չի տալու այդ ուժը, այլ գործնականում խլելու է եղածը՝ տալով մեկին: Իսկ Հայաստանում գործնականում արդեն եղել է այն, ինչ հնարավոր էր այսպես ասած մեկի շնորհիվ կամ մեկի ուժով, իհարկե ոչ առանց բոլորի աջակցության: Բայց ներկայում ժամանակն է ձերբազատել հանրային գիտակցության կախվածությունը մեկից, ու նաեւ քաղաքական էվոլյուցիայի համար պատասխանատվությունը՝ մեկից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
21-01-2020 21:59