Հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում

21-01-2020 22:54

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն ցանկանում է բազալտի և տուֆի հանք շահագործել: 2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենան հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքի համաձայն՝ այս քննարկման արդյունքների հիման վրա Երևանի քաղաքապետարանը կա՛մ նախնական համաձայնություն կտա հանքավայրի շահագործմանը, կա՛մ կմերժի այն: Երևան քաղաքում արդեն իսկ կան մոտ երկու տասնյակ հանքեր, իսկ քաղաքի օդի աղտոտվածությունը խիստ մտահոգիչ է և անթույլատրելի: Երևանում ևս մեկ հանք շահագործելը վտանգավոր կարող է լինել տարբեր առումներով՝ այդ թվում փոշու և տեխնիկայի արտանետումների պատճառով օդի հավելյալ աղտոտում, աղմուկի ավելացում և այլն: Մասնակցենք և մեր հստակ ոչն ասենք աղտոտման նոր աղբյուրներին: Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-190/»:

Lragir.am,
21-01-2020 22:54