Մեզ հրամայված է չխառնվել, թող կոտորեն. ադրբեջանցի գործիչները Բաքվում հայերի ջարդերի մասին

21-01-2020 23:27

1990 թ. հունվարի Բաքվի հայերի ջարդերի մասին վկայել են ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլ նաև իրենց ելույթներում ջարդերի իրականացման փաստն արձանագրել են մի շարք ադրբեջանցի գործիչներ: Այսօր Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փորձում են մոռացության տալ այս փաստերը, այլև ակնհայտորեն կեղծ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող հակագիտական թեզերի միջոցով մեղավորությունը փորձում են բարդել հայերի վրա: Անգամ 1990թ. հունվարի 20-ի իրադարձությունները, երբ Բաքվի փողոցներում զինված բախում է եղել խորհրդային ներքին զորքերի զինծառայողների և զինված ադրբեջանցիների խմբերի միջև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է հակահայկական ատելության քարոզի սերմանման նպատակով: 1988-1990 թթ. Խորհրդային Ադրբեջանում հայերի ջարդերը ուղեկցվում էին հակահայկական ատելության և ռասիզմի քարոզով, որն իրականցվում էր թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից, թե՛ պետական մակարդակով: 1990թ. հայերի կազմակերպված ջարդերի սկսվելու նախօրեին՝ հունվարի 12-ին, «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (ԱԺՃ) շարժման ներկայացուցիչ Նեյմաթ Փանահլին, հանդես գալով տեղական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ Բաքուն լի է անօթևան փախստականներով, իսկ «հազարավոր հայեր մինչև հիմա ապրում են հարմարավետության մեջ»: Հունվարի 13-ին ԱԺՃ-ն կազմակերպել էր հանրահավաք, որի ընթացքում շուրջ 50 հազարանոց ամբոխը վանկարկել է հայատյաց կարգախոսներ. «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի»: Հանրահավաքի ժամանակ ԱԺՃ առաջնորդ, հետագայում Ադրբեջանի երկրորդ նախագահ (1992-1993 թթ.) Աբուլֆազ Ալիևը (Էլչիբեյ) ներկայացրել է ԱԺՃ-ի պահանջները՝ 1990թ․ մայիսի 28-ին ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել, խզել բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ և կազմալուծել ԼՂԻՄ-ը: Հանրահավաքից հետո ամբոխը՝ խմբերի բաժանված, ԱԺՃ-ի ակտիվիստների ղեկավարությամբ սկսել է տուն առ տուն  քաղաքը «մաքրել» հայերից: Հայերի հունվարյան ջարդերը կազմակերպվել և իրականացվել են ԱԺՃ շարժման անդամների կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության թողտվությամբ և հրահրմամբ: Սրա մասին են փաստել ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլև հենց ադրբեջանցիներ, այդ թվում՝ ԱԺՃ-ի որոշ նախկին անդամներ: Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Աբդուլրահման Վեզիրովն իր հարցազրույցներից մեկում ընդունել է, որ Բաքվում հայերի ջարդեր են իրականացվել: Ա. Վեզիրովի խոսքում նկատվում է մեղադրանք՝ ուղղված «Ժողճակատ»-ին: 1989 – 1991թթ. Ադրբեջանի ԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վագիֆ  Հուսեյնովն ասել է, որ Բաքվում անկարգությունները մանրակրկտորեն նախապատրաստվել էին «Ժողովրդական ճակատի» կողմից: ԱԺՃ-ի որոշ անդամներ իրենց հերթին նույնպես ընդունել են ջարդերի իրականացման փաստը՝ դրա համար մեղադրելով ԱԽՍՀ իշխանություներին, իսկ ԱԺՃ նախկին անդամ Արիֆ Յունուսովը՝ Հեյդար Ալիևին: ԱԺՃ փոխնախագահ Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի ԽՍՀ մշտական ներկայացուցչությունում լրագրողներին հայտնել է, որ հայերի ջարդերը նախապես պլանավորել էին «իշխանությունները»՝ ընտրությունները տապալելու համար, որի արդյունքում, ըստ նրա պնդման, ԱԺՃ-ն խորհրդարանական ճանապարհով կստանար իշխանությունը: Ադրբեջանական կայքերից մեկը տարածել է  Է. Մամեդովի մամուլի ասուլիսի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ վերջինս հայերի ջարդերի կազմակերպման, իրագործման և կանխման ուղղությամբ որևէ քայլ չանելու համար մեղադրում է ոչ միայն ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին, այլ նաև անմիջականորեն Ադրբեջանի ԽՍՀ իշխանություներին: Մասնավորապես Է. Մամեդովը նշում է, որ հունվարի 13-ին ինքը տեղեկություն է  ստացել, որ ժամը 13:00-ին Բաքվում սկսվելու են հայերի կազմակերպված ջարդեր, դրա մասին ինքը տեղյակ է պահել ԱԽՍՀ ներքին գործերի նախարար Ա. Մամեդովին: Է. Մամեդովը նշում է, որ, չնայած բոլորը տեղյակ էին, որևէ քայլ չի իրականացվել ջարդերը կանխելու ուղղությամբ: Նա նշել է նաև. «Ես անձամբ ականատես եղա, թե ինչպես երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի․ հավաքվեց ամբոխը, նրանց վրա բենզին լցրեցին ու այրեցին: Իսկ դրանից 200 մետր հեռավորության վրա Նասիմի շրջանի ոստիկանական բաժանմունքն էր, և այնտեղ շուրջ 400-500 ներքին զորքերի զինծառայողներ կային, որոնք մեքենաներով անցնում էին այդ այրված դիակներից 20 մետր հեռավորության վրա, և ոչ ոք շրջանի շրջափակման ու ամբոխը ցրելու փորձեր չձեռնարկեց»: Ակնհայտ է, որ Է. Մամեդովն իր հայտարարությամբ փորձում է հերքել հայերի ջարդերի իրականացմանն ԱԺՃ-ի ու անձամբ իր մեղավորությունը և դրանով ողջ մեղավորությունը բարդել միայն իշխանությունների վրա: Նույն պատկերը նաև Ա. Վեզիրովի հայտարարության մեջ է նկատվում՝ այս անգամ արդեն ողջ մեղավորությունը ԱԺՃ-ի վրա բարդելու միջոցով: Երկու կողմերի հայտարարությունները, սակայն, ևս մեկ անգամ փաստում են, որ Բաքվում հայերի ջարդերը եղել են կազմակերպված, նախապես ծրագրված, և այդ ամենի համար մեղավորությունը հավասարապես կրում են թե՛ Ադրբեջանի իշխանությունները, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները: Ջարդերին իշխանությունների չմիջամտելու մասին են վկայել նաև ադրբեջանցի իրավապաշտպան Արզու Աբդուլլաևան ու գրող Յուսիֆ Սամեդօղլուն: Աբդուլլաևայի վկայության համաձայն՝ երբ ինքը դիմել է ոստիկաններին՝ հայերին ադրբեջանցիների ամբոխից պաշտպանելու համար, լսել է «մեզ հրամայված է չխառնվել» պատասխանը: Սամեդօղլուի խոսքերով՝ ինքը զանգահարել է Կոմկուսի Կենտկոմ և խնդրել միջամտել, սակայն լսել է «թող կոտորեն» պատասխանը: ԱԺՃ նախկին անդամ, իրավապաշտպան, քաղաքական էմիգրանտ, 1992-1993թթ․ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Արիֆ Յունուսովը 2018թ. հունվարի 20-ին ադրբեջանական «Օբյեկտիվ» առցանց հեռուստատեսության հրապարակած հարցազրույցում պնդում է, որ 1990թ․ Բաքվի հայկական ջարդերն ու «Սև հունվարը» կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով՝ հետագայում նրա իշխանության գալու նպատակով: Ըստ Ա. Յունուսովի՝ ԱԺՃ ղեկավարներից Նեյմաթ Փանահլին Հեյդար Ալիևի կամակատարն էր: Նրա խոսքերով՝ այս ամենի մասին Մոսկվան տեղյակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը, և իրադարձություններն օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար: Հատկապես կարևոր է Ա. Յունուսի վկայությունը, որ ջարդերի օրերին իր կինը՝ Լեյլա Յունուսը, ԱԺՃ գրասենյակներում տեսել է սպանվելու ենթակա հայերի ցուցակներ՝ նրանց հասցեներով: Լ. Յունուսը քննադատել է ԱԺՃ ղեկավարներին, նշել, որ նրանք Եվրոպայում փորձում են ցույց տալ, թե ԱԺՃ-ն ժողովրդավարական ուժ է, սակայն նրանք Բաքվում հայերի ջարդեր են կազմակերպում: Սա իր հերթին ցույց է տալիս «Ժողճակատի» անմիջական մասնակցությունը ջարդերին, և ջարդերի նախապես պլանավորված լինելը: Ադրբեջանցի գործիչների այս և այլ վկայությունները պարզ կերպով ի ցույց են դնում, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպելու և իրագործելու հարցում հավասարապես պատասխանատվություն են կրում այդ ժամանակի ադրբեջանական իշխանությունները և ընդդիմադիր ուժերը: Չնայած այս ամենին՝ Ադրբեջանի այսօրվա իշխանությունները շարունակում են հայատյացության և ռասիզմի քաղաքականությունը՝ կեղծելով հայերի ջարդերի վերաբերյալ առկա անհերքելի փաստերը և խրախուսելով ու իրականացնելով մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ: Գոհար Գրիգորյան

Lragir.am,
21-01-2020 23:27