Պետք էր այն ժամանակ աղմուկ բարձրացնել, երբ Ռուսաստանին գույք էին հանձնում, որ գազն իբր չթանկանար

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Պարոն Գևորգյան, արդեն հայտնի է, որ այս տարի Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին չի թանկանա, սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագնի փոփոխության համար: Որքանո՞վ է տրամաբանական, որ սահմանին գազի գնի չթանկացման պայմաններում սպառողները պետք է ավելի թանկ սակագին վճարեն: Գազի գինը սահմանին թանկացել է անցած տարի, «Գազպրոմ Արմենինան» «կլանել է» այդ թանկացումը իր շահույթի հաշվին: Հիմա մտածում է, որ էլի դիմի հանձնաժողով, այսինքն՝ քննարկում է՝ դիմի, թե չդիմի: Եթե դիմեց, դա պետք է քննարկվի, իսկ քննարկումը հրապարակային է լինելու: Եթե այնպես լինի, որ հիմնավորի իր հայտը, թե ինչու է ուզում թանկացնել, գազը կթանկանա: Այդ բուռն քննարկումները հիմա ես զգում եմ, որ՝ այ, գազը կարող է թանկանալ: Առավելագույնը, որ կարող է թանկանալ գազը, իմ հաշվարկով, չի անցնի 4-4.5 տոկոսը: Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ գազի սակագինը մեկ խմ համար 150 դրամ էր: Հիմա արդեն կխոսեն շղթայական գնաճի մասին՝ թանկացումներ, «խայտառակ» գնաճ և այլն: ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով Հայաստանում գնաճը պետք է կազմի 4+-1.5 տոկոս, այսինքն՝ մինչև 5.5 տոկոս: Մեզ մոտ մեկ տոկոսի սահմաններում է գնաճը, այսինքն՝ մենք ունենք հարաբերական գնանկում: Մեր կարգի տնտեսությունների համար սովորաբար ընտրվում է 4 տոկոս գնաճը, որը ցանկալի գնաճ է: Բայց մեզ մոտ արձանագրվել է շատ ցածր գնաճ միայն այն պատճառով, որ 2018  թվականին տեղի է ունեցել մրցակցության խորացում: Օրինակ՝ 2019 թվականի դեկտեմբերին, որն ամենաթանկ ամիսն է, 2018-ի դեկտեմբերի համեմատ շաքարավազն էժանացել է, տավարի միսը, խոզի միսը, հավի միսը, բուսական յուղը, կարագը, հավի ձուն էժանացել են: Սրանք ամենակարևոր սպառման ապրանքներն են: Այսինքն՝ եթե մենք ունենում ենք հինգ տոկոսով գազի սակագնի թանկացում, դա ընդհանուր գնաճի վրա կաող է ազդել 001-002 տոկոսով: Բայք քանի որ թեման նուրբ է ու զգայուն ժողովրդի համար, որոշակի շրջանակներ սա շահարկում են: Այնպիսի տպավորություն է, որ իշխանական պատգամավորներն սկսել են արդարացնել գազի սակագնի հնարավոր թանկացումը: Ես ուզում եմ տեղեկացնել բոլորին, որ Հայաստանը գազ չի արտադրում: Գազը ներկրում ենք, գազը ներկրող ընկերությունը՝ «Գազպրոմի» դուստր ընկերությունը, որում ՀՀ կառավարությունը բաժնեմաս չունի՝ մի քանի տարի առաջ տեղի ունեցած հայտնի գործարքի պատճառով, նախորդ տարի չի բարձրացրել գինը, այս տարի մտադիր է բարձրացնել: Բայց հայտնի է, որ սահմանի գնի համեմատ գազը Հայաստանում սպառողին հասնում է գրեթե կրկնակի գնով: Սա խնդի՞ր չէ: Իհարկե, խնդիր է: Այդ հարցը պետք է քննարկել, դա մշտապես քննարկվում է: Այդ հարցը բազմաթիվ տեսանկյուններ ունի, այդ թվում՝ որոշակի քաղաքական, բայց նաև ասում են, որ մինչև 2025 թվականն են այդ հարցերը շոշափվելու: 2025 թվականից ԵՏՄ շրջանակներում ստեղծվելու է էներգետիկ միասնական շուկա, և Հայաստանը  գազը կգնի այն գնով, որ գնով ԵՏՄ մյուս երկրները: Եվ այդ հարցը դուրս կգա, այսինքն՝ մեր խնդիրը մի քանի տարի այդ իրավիճակը պահելն է: Շատ լավ հասկանում եմ այդ հարցի քաղաքական ենթատեքստերը, ովքեր խոսում են այդ մասին, ինձ համար պարզ է, թե ինչու է այս արհեստական աղմուկը բարձրացել: Այսինքն՝ մարդկանց մտահոգություններն արհեստակա՞ն եք որակում: Իրականում արհեստական չէ, գազի գինը կարող է և թանկանալ, բայց այդ բարձրացումը համարժեք չէ այն աղմուկին, որն այսօր բարձրացվել է՝ թե շղթայական գնաճ է, Հայաստանը կործանվեց, փող չենք ունենալու, որ այդ գազը վառենք և այլն: Ընդհանուր գնաճի վրա սրա ազդեցությունը շատ ցածր է, ուրիշ հարց է, թե գազի գինը որքանով է արդարացված ներկայում: Եթե դա ենք ուզում քննարկել, նստենք քննարկել: Մտահոգությունները հենց այդ հարցից են բխում, որովհետև տարիներ շարունակ մասնագիտական շրջանակները հնչեցրել են մտահոգություն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերն ուռճացված են, անարդյունավետ ծախսեր կան, իրենց բարձր աշխատավարձերը ներառել են սակագնի մեջ: Սա խնդի՞ր չէ, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին: Աղմուկ բարձրացնողները թող պատասխանեն հարցին, այդ ո՞նց եղավ, որ ամեն ընտրությունից առաջ բերում էին, այսինչ գյուղում գազ էին քաշում: Այդ գազ քաշելն ինքնին նստում է սակագնի մեջ: Այն ժամանակ պետք է խոսեին, որ այլընտրանքային տարբերակներ մտածեին հեռավոր գյուղերում գազի հարցը լուծելու մասին: Այն, որ նախկինում սխալներ են եղել, դա չի նշանակում, որ ներկա իշխանությունները պետք է դրանք շարունակեն: Հիմա գազի սակագինն արդարացված է այնքանով, որքանով անիմաստ ծախսեր են կատարվել ժամանակին: Արդյոք հիմա չկա՞ն այս ընկերությունում չարդարացված ծախսեր, որոնք կրճատելու ուղղությամբ պետք է նաև բանակցություններ վարի կառավարությունը: Ես չգիտեմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պետք է հարցնել: Թող քննարկումները լինեն, բոլոր հարցերը կպարզվեն: Ուղղակի քննադատողները գիտեն, որ թույլ կետ է և կապված է քաղաքական շատ հարցերի հետ, դրա համար արհեստական տեղեկություններ են տարածում: Ոչինչ, թող անեն: Երբ որ գազը կթանկանա, և բոլորը կհասկանան, որ այդ թանկացումն այնքան չնչին է, որ չի էլ ազդելու սպառողական զամբյուղի վրա, գնաճի վրա․․․ Մարդկանց եկամուտաների վրա ամեն դեպքում դա ազդելու է: Մարդկանց եկամուտը հիմա ավելի շատ է աճել, քան նախատեսված է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով: Պետք է լիներ 4 տոկոս գնաճ, բայց մեկ տոկոս գնաճ է: Աշխատավարձ ու թոշակ է բարձրացել, ընդհանուր եկամուտներ են աճել, մանրածախ առևտուրն աճել է ավելի քան 10 տկոսով: Այսինքն՝ գնողունակ պահանջարկը ձևավորված է: Մյուս կողմից էլ պետության արժանապատվության հարցը կա, ԵՏՄ տարածքում մենք ամենաթանկ գազն ենք գնում: Բայց մենք ԵՏՄ տարածքում ունեինք ավտոմեքենաների ներկրման արտոնություն, որից լիուլի օգտվեցինք, 700 տեսակի ապրանքների ներմուծման արտոնություն, որից օգտվեցինք: Եթե այդպես է, եկեք պատերազմ հայտարարենք աշխարհի բոլոր երկրներին, տեսնենք իրենք ուզածը կկատարվի՞: Արժանապատվության խնդիր չկա այստեղ, եթե մեզ վրա ճնշումներ գործադրեին, այսօր գազը մեզ վրա կվաճառեին 500 դոլարով: Բայց մենք ֆիքսում են՝ սահմանին գազի գինը չի թանկանում: Կառավարության անելիքը ո՞րը պետք է լինի այս գործընթացում, եթե թանկացման հայտ ներկայացվի: Կառավարությունն անելիք չունի, անելիք ունի միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը որոշելու է՝ հայտը որքանով է հիմնավոր, որքանով՝ ոչ: Նիստերը բաց են լինելու, քննարկումներին բոլորը կարող են հետևել: Իհարկե, շատ լավ կլինի, եթե գազի սակագինը չթանկանա, շատ լավ կլիներ, եթե մենք մեր սեփական գազն ունենայինք ու ոչ մեկից կախման մեջ չընկնեինք: Բայց որոշումներ կայացնելիս ինչ-որ հարցեր պետք է հաշվի առնել, դա գիտեն բոլորը, բայց այսօր միամիտի դեմք են ընդունում: Պետք էր այն ժամանակ աղմուկ բարձրացնել, երբ Ռուսաստանին գույք էին հանձնում, որ գազն իբր չթանկանար, բայց գազն էլի թանկացավ: Այսինքն՝ համ գույք էին հանձնում, համ գազ էր թանկանում: Հիմա հինգ տոկոսով է թանկանում, եթե համաշխարհային շուկայում ցորենի գինը թանկանում է, մենք ի՞նչ ենք անում, բողոքո՞ւմ ենք: Բայց մասնագիտական դիտարկումներ կան, որ աշխարհում գազն էժանանում է, Հայաստանում՝ թանկանում: Դա այդքան էլ այդպես չէ: Մենք նախկինում ավելի թանկ ենք սահմանին գազ գնել, հիմա իջել է 165 դոլար 1000 խմ համար: Իհարկե, լավ չէ, որ այդպես է, բայց գնաճի սպասվող մակարդակն այնքան չէ, որ այսպես աղմուկ բարձրացվի: Բնակչությունը նույնիսկ չի էլ զգալու այդ բարձրացումը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
21-01-2020 23:31