Նիկոլ Փաշինյանի կոչը Գեորգի Կուտոյանի ընտանիքին

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ հնչող հարցերին եւ քննարկումներին, մասնավորապես կառավարության վերաբերմունքի եւ վարչապետի լռության առնչությամբ հարցերին: Նախ նա մատնացույց է արել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հիշատակի հանդեպ պետական ուշադրության ու վերաբերմունքի դրսեւորման օրինակները՝ թե հուղարկավորության կազմակերպման, թե պետական պաշտոնյաների մասնակցության իմաստով: Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը հարց է տվել նաեւ, թե մարդիկ, շրջանակները, որոնք այդ առչությամբ թիրախավորել էին կառավարությանն ու վարչապետին, ինչու՞ նույն հարցերը չեն բարձրացրել ամիսներ առաջ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առնչությամբ: Հայկ Հարությունյանն էլ ամիսներ առաջ իր ամառանոցում հայտնաբերվել էր մահացած, եւ գործը քննվում է ինքնասպանություն հասցնելու վարկածով, ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան պարագայում: Արդյոք զուտ հռետորական համեմատություն է այն, ինչ արել է վարչապետը՝ իրեն թիրախավորած քարոզչությանը պատասխանելու առիթով, թե՞ համեմատությունն իր մեջ պարունակում էր որոշակի ակնարկ: Մասնավորապես այն մասին, որ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային մահերը ոչ թե մեկ շղթայի օղակ են, ինչպես դիտարկվում է հանրային շատ շրջանակներում, այլ՝ եթե այդուհանդերձ  շղթա եւ օղակ, ապա նախկին իշխող համակարգ-շղթայի որոշակիորեն հակադիր օղակներ: Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը երաշխավորում է բացահայտման ուղղությամբ պետական համակարգի բոլոր լծակները գործի դնելու հանձնառությունը, միաժամանակ կոչ անելով Կուտոյանի ընտանիքին լիարժեք գործակցել քննության հետ՝ լինելով մահվան հանգամանքների լիարժեք բացահայտմամբ ամենաշահագրգռվածը: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը դրանով ակնարկում է, որ կլինեն շրջանակներ, որոնք կփորձեն անվստահություն առաջացնել ընտանիքի եւ քննչական մարմնի միջեւ: Ի դեպ, արդյոք կարող է դա կատարվել նաեւ քննության ընթացքում ի հայտ եկող տեղեկությունների եւ մանրամասների ոչ պաշտոնական հրապարակումների տեսքով, որ անանուն աղբյուրներին հղումներով արդեն իսկ հնարավոր է տեսնել հայկական մամուլում: Այդ առումով, ինչպես գործի լիարժեք բացահայտման, այդպես էլ քննչական կառույցի եւ Կուտոյան ընտանիքի լիարժեք գործակցությունը տապալելու հարցում պատասխանատվությունը լինելու է իրավապահների դաշտում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22-01-2020 21:56