Զարգացման տեսլականը պետք է լինի հայկական գիտական ուժը, ճկունությունը, միտքը և համառությունը ճիշտ ռելսերի վրա դնելը

22-01-2020 22:37

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են Լոֆթում: Մեր զրուցակիցն է IUnetworks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը: Պարոն Մերանգուլյան, հայրենիք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Ամեն մարդ ինքն է որոշում, թե իր համար ինչն է հայրենիք, ինչը՝ մայրենիք: Ես սխալ եմ համարում միանշանակ տարանջատելը, քանի որ մեր պապերը և հայրերը մեզ համար երկիր են կերտել, պաշտպանել, դրա համար այն մեզ համար հայրենիք է: Մենք լույս աշխարհ ենք եկել, մեծացել, ձևավորվել, կայացել, աշխարհ ճանաչել մեր մայրերի շնորհիվ: Մենք ունենք մայրենի լեզու: Այդ դեպքում մեր երկիրը մայրենիք է: Հայրենիք և մայրենիք հասկացությունները գործում են ձեռք ձեռքի տված: Ես այստեղ ոչ մի կոնֆլիկտ չեմ տեսնում: Որտեղի՞ց եք սերում արմատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Սեփական արմատները ճանաչելը միանշանակ համարում եմ շատ կարևոր: Ես ինքս ծնվել եմ Երևանում, հորս կողմը Ղարաբաղից է, իսկ մորս կողմը՝ Տավուշից: Բայց նրանք երկուսն էլ մանուկ հասակից ապրել և մեծացել են Երևանում: Եթե խոսենք ընդհանրապես հայի արմատների մասին, ապա ասեմ, որ նրանք շատ որակյալ են, ուժեղ և կառուցողական: Նրանք մեզ առանցք են տալիս և ստեղծում իրենց հատուկ բաղադրիչներով մի կերպար՝ տաղանդավոր, մարդասեր, հայրենասեր, հյուրասեր, հանդուրժող, իր պատմությամբ հպարտացող և ամենակարևորը՝ իր ինքնությունը պահպանող, որտեղ էլ նա գտնվի՝ Աֆրիկայում, Եվրոպայում թե այլուր: Այս եզրակացությանն ենք գալիս, երբ շփվում ենք տարբեր երկրներում ապրող հայերի հետ: Եթե շատ հեռու չգնանք, հենց նախկին ԽՍՀՄ երկրների մակարդակով դիտարկենք, մենք ամեն տեղ ունեինք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բարձրակարգ մասնագետներ: Մի քանի նախադասությամբ կներկայացնե՞ք, ինչպես է անցել ձեր մանկությունը, պատանեկությունը, ինչպե՞ս է անցնում երիտասարդությունը: Հիմնականում դրական: Մեծացել եմ ինժեների և ուսուցչուհու ընտանիքում՝ քրոջս հետ: Վայելում էինք սովետական կյանքի բոլոր բարիքները: Շնորհիվ մեր ծնողների մենք սովորեցինք, թե ինչ բան է բարեկամներ ունենալը, ստեղծեցինք մեր ընկերական շրջապատը: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ես 8-րդ կամ 9-րդ դասարանում էի սովորում: Եվ այդտեղ հանդիպեցի առաջին դժվարություններին՝ հասկացա, որ այն, ինչ սովորել եմ, չի համապատասխանում այն իրականությանը, որում հայտվել եմ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրները առանձնացան, ժողովուրդը հայտնվեց անորոշ և անհուսալի վիճակում: Մեր ծնողները հաղթահարելով դժվարությունները, հոգեպես սատարում էին մեզ՝ անելով ամեն հնարավորը, որ մենք չշեղվենք ճիշտ ճանապարհից: Շատ ծանր ժամանակաշրջան էր: Հաճախ էինք հավաքվում, զրուցում ընկերներով, փորձում կողմնորոշվել ստեղծված իրավիճակում: Որոնումների մեջ էինք: Հետո Ղարաբաղի խնդիրը, աղետալի երկրաշարժը, հացի գիշերային հերթերը, վառելիքի ու սնունդի խնդիրները, հոսանքի ու ջրի բացակայությունը կոփեցին մեզ: Այդ ժամանակ ձևավորվեց հայի նոր տեսակ՝ հոգով ավելի ուժեղ և գիտակցող, որ դժվարությունների դեմ ոչ միայն պետք է պայքարել, այլև պարտադիր է հաղթահարել: Ես շատ էի ուզում դառնալ վիրաբույժ, դիմեցի Բժշկական համալսարան: Քիմիայի քննությանը անարդարություն տեղի ունեցավ, որի պատճառով մի խումբ երիտասարդներով համախմբվեցինք և հրապարակում բողոքի ակցիաներ կազմակերպեցինք, որին հետագայում միացան նաև մի քանի այլ բուհերի ուսանողներ: Այնուհետև մեկնեցի Ուկրաինա և ընդունվեցի ու ավարտեցի Ուկրաինայի Ինժեներական Ակադեմիան: Սովորելու ընթացքում եկավ մի պահ, երբ հասկացա, որ այդ ինստիտուտում միակ հայ ուսանողն եմ, չորս կողմը ուկրաինացի, ռուս, ադրբեջանցիներ են: Եվ գիտակցեցի, որ եթե մի քիչ ավելի լավ սովորեմ, ինձ լավ դրսևորեմ, կարևոր գործ կանեմ իմ ազգի համար: Ակամայից սկսեցի հասկանալ, որ դեսպան եմ, եթե ինչ-որ հաջողությունների հասնեմ, ինձնով հայերի մասին լավ կարծիք կկազմեն: Եվ այդ պատասխանատվությունը ես ինձ վրա զգացել եմ մինչև բուհն ավարտելը: Շատ հետաքրքիր զգացմունք էր, հիմա էլ ես մշտապես այդ զգացումն ապրում եմ, երբ գնում եմ դուրս, ցանկացած երկիր: Հատկապես հիմա, երբ շատ քաղաքականացված է մեր կյանքը, քո ցանկացած խոսք ու արարք, շփումն այլ ազգի մարդու հետ շատ կարևոր է: Միշտ պետք է հաշվի առնել, որ ներակայացնում ես քո ազգը: Ակադեմիան ավարտելուց հետո աշխատեցի մի քանի տարի և վերադարձա Հայաստան: Որո՞նք են կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք: Շատ դասեր կան այս կյանքում, բայց ես կուզեի նշել այն զգացմունքը, որն ինձ ուղղորդում էր այն ամբողջ ժամանակահատվածում, երբ ես արտերկրում էի ապրում: Մոտ 8 տարի ես Ուկրաինայում ու Ռուսաստանում եմ ապրել: Ընտանիքով տեղափոխվել էի Մոսկվա, լավ աշխատանք էին առաջարկել՝ բավական մեծ հեռանկարով: Բայց թե Ուրաինայում, թե Մոսկվայում ինձ պակասում էր իմ հայրենիքը, Երևանը, բարեկամները, միջավայրը, որտեղ քեզ ավելի ուժեղ մարդ ես զգում: Ես դրանից հետո հնարավորություններ ունեցա աշխատել Եվրոպական մի քանի երկրներում, բայց չգնացի այդ քայլին: Հիմա երեխաներս մեծանում են, տղաս արդեն սկսել է խոսել այն մասին, որ ինքն այստեղ կավարտի իր բուհը, բայց ուզում է մագիստրատուրան անպայման դրսում սովորել, ինչը ես միանշանակ ողջունում եմ: Համարում եմ, որ որակյալ կրթությունը շատ կարևոր է: Հետագայում ինքը պետք է կարողանա ինքնուրույն որոշում կայացնել ու դառնալ պիտանի մարդ և մասնագետ իր հայրենիքի համար: Եթե անդրադառնանք Հայաստանում կրթության խնդիրներին, որո՞նք են դրանք: Ես կրթությունը համարում եմ ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկը ցանկացած երկրի, առավել ևս Հայաստանի համար: Քանի որ աղջիկս դպրոց է հաճախում, իսկ տղաս՝ համալսարան, ես հնարավորություն ունեմ շփվելու երկու կրթական համակարգերի հետ: Կարծում եմ՝ շատ կարևոր է երկրում ստեղծել ու զարգացնել այն, ինչը մարդուց կերտում է պրոֆեսիոնալ: Ես հասցրեցի վայելել որոշ կորիֆեյների հետ շփումը, ովքեր կորիֆեյ են առնվազն երկու ցուցանիշներով, առաջինը՝ որպես ոլորտն իմացող մասնագետ, երկրորդը՝ որպես մանկավարժ, սովորեցնող: Երբ հիմա ես տեսնում եմ երիտասարդ ուսուցիչների և դասախոսների, կարծում եմ, նրանք շատ լավ մասնագիտություն են ընտրել և կողմ եմ, որ այդ մասնագետները շատ լավ վարձատրվեն: Ծնողները տանը դաստիարակում են իրենց երեխաներին, բայց երեխաներն իրենց կյանքի ամենակարևոր մասն անց են կացնում բուհերում ու դպրոցում: Եվ դասախոսն ու ուսուցիչը ոչ միայն պետք է իրենց սովորեցնեն բուսաբանություն, աշխարհագրություն, քիմիա և այլ առարկաներ, պետք է նաև ժամանակակից մտածելակերպի հմտություններ սովորեցնեն: Ցանկացած ուսուցիչ պետք է երեխաներին օգնի, որ նա մտնի սոցիում, կարողանա իրեն ճիշտ դրսևորել, քանի որ նոր ժամանակները նոր մտածելակերպ և մոտեցում են պահանջում: Չի կարելի մասնագիտական ֆակուլտետն ավարտած երիտասարդին միանգամից բերել, որ նա դասավանդի: Ասածս հետևյալն է՝ պետք է պետական մակարդակով պարբերաբար լինի վերապատրաստման գործընթաց: Եթե այդ վերապատրաստման ինստիտուտը չներդնենք, մենք կկորցնենք մեր կրթական համակարգի արժեքը: Ճիշտ ուսուցման շնորհիվ երեխաների մոտ կառաջանա հետաքրքրություն՝ ընդհանրապես դպրոց գնալու, այդ ուսուցչին տեսնելու, իր հետ շփվելու, իրենից ինչ-որ բան քաղելու: Բացի դա, իմ կարծիքով, մեր դպրոցների շենքերը պետք է լինեն վերանորոգված, ունենան նորմալ սանհանգույցներ, ձմռանը պետք է դասասենյակները լինեն տաք: Երեխան իր տաք տնից, նորմալ պայմաններից գնում է մի տեղ, որտեղ պետք է 4-5 ժամ անցկացնի, որտեղ սանհանգույցն ահավոր վիճակում է, ջեռուցումը միանում է ինչ-որ ժամանակից, դասասենյակներն էլ վերանորոգված չեն, ինչո՞ւ պետք է այդ երեխան սիրի այդ դպրոցը: Իսկ այսօր շատ կան նման դպրոցներ: Կրթական համակարգի հիմնական կորիզը հետևյալն է՝ առաջին հերթին մենք պետք է շեշտը դնենք մասնագետների վրա՝ որպես վերապատրաստված մասնագետ, երկրորդ՝ ունենանք դասավանդելու, երեխաներին դաստիարակելու ու սոցիում մտցնելու հմտություններ, երրորդ՝ մենք պետք է հասկանանք՝ երեխաների համար այդտեղ է սկսվում հայրենիք-մայրենիքը: Եթե այդ պայմանները չեն ապահովում, երեխան սկսում է իր հայրենիքը կորցնել: Համոզված եմ, որ այդ ոլորտի համապատասխան բարեփոխումները և ֆինանսավորումը շատ կարևոր է: Եթե անդրադառնանք ձեզ հոգեհարազատ ոլոտին, ի՞նչ խնդիրներ կան ՏՏ ոլորտում Հայաստանում: Օրինակ՝ տարիներ շարունակ բարձրացվում է հարցը, որ ոլորտում որակյալ կադրերի խնդիր կա: Ինչպե՞ս լուծել այդ հարցը: Այո, ճիշտ եք նկատում, քանի որ այս ոլորտը զարգանում է շատ արագ և դինամիկ, կադրերի պակաս ենք զգում: Վերջին տվյալներով՝ ամեն օր 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր կան ՏՏ ոլորտում: Չկա բուհ, որը պատրաստում է հենց ծրագրավորողի, հետագայում ուսանողները ծրագրավորող դառնալու համար անցնում են հավելյալ կուրսեր և շատ արագ դառնում պրոֆեսիոնալ մասնագետներ: Ոլորտի բիզնես պրոբլեմը կայանում է նրանում, որ քանի դեռ չունենք համապատասխան քանակի կադրեր, արագ տեմպերով բարձրանում է ծրագրավորողների աշխատավարձը: Շատ է բարձրանում, ինչը բիզնեսի համար բավական վտանգավոր է: Եթե դու տեսնում ես, որ քեզ մոտ միշտ աճում է ծախսային մասը, բայց պատվիրատուդ դրա հետ դինամիկ չի շարժվում, բիզնեսը դրանից տուժում է: Մենք դեռ այսօր կարողանում ենք խոսել, որ Հայաստանի ծրագրավարումը հետևյալ երկու չափանիշներով է մրցունակ աշխարհում՝ գին և որակ համադրությամբ: Իհարկե, կան երկրներ, որտեղ ավելի բարձր  է ծրագրավորողների աշխատավարձը, բայց մեզ մոտ ոչ նորմալ տեմպերով է այդ աճը տեղի ունենում՝ հաշվի առնելով մեր երկրի փոքրությունը: Մենք ունենք նաև ծրագրավորողների արտագաղթ: Հիմա նաև ունենք հետևյալ խնդիրը, որ շատ ճանաչված միջազգային կազմակերպություններ, որոնք ունեն ավելի լայն ֆինանսական հնարավորություններ, հասկանալով այստեղի որակն ու գինը, մեծ հաճույքով իրենց ներկայացուցչություններն են բացում Հայաստանում և հայկական ընկերություններին դրանով շատ են նեղում: Այսինքն՝ եթե հայկական կապիտալով ընկերությունը կարող է իրեն թույլ տալ հայ ծրագրավորողի համար ինչ-որ աշխատավարձ սահմանել, իրենք շատ հանգիստ այդ սահմանը կոտրում են՝ 1.5-3 անգամ ավելի աշխատավարձ առաջարկելով: Եվ դրա հետևանքով հայկական ընկերությունները կորցնում են իրենց լավագույն կադրերին: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն: Որպես հավաքական միավոր՝ ավանդապաշտ, հայրենասեր, աշխատասեր, հպարտ, բարի, համարձակ, ուժեղ, երեխասեր, հյուրասեր: Այդ ամենի հետ մեկտեղ կասեմ, որ թիմ հասկացությունը հայերի մեջ թույլ է զարգացած: Դա իր և դրական, և բացասական կողմերն ունի: Դա խանգարում է մարդուն սոցիումում լինել ճկուն: Այդ ճկունության բացակայութան դեպքում մեզ մոտ հաճախ է լինում ուրիշների հաշվին ինքնահաստատվելու գործոնը: Դա շատ է խանգարում թե կյանքում, թե բիզնեսում: Մարդը պետք է ապահովված լինի այն զգացումով, որ ինքը սոցիումի, թիմի անդամ է: Դա մեկ օրում չի արվում, տարիների ընթացքում պետք է արվի: Մեծերին դժվար թե հնարավոր լինի փոխել, մարդուն փոխելը պրակտիկորեն անհնար է, բայց երեխաների հետ փոքր տարիքից աշխատանք պետք է տանել, չկոտրել նրաց ինդիվիդուալ լինելը: Բայց դրա հետ մեկտեղ պետք է բացատրել թիմայնության արժեքը, թե ինչքան կարևոր է դա: Այս հարցում մեծ դեր է կատարում ընտանիքը, ծնողներից ստացած դաստիարակությունը: Ծնողի մեջ պետք է լինի այն գիտակցումը, որ նրանք երեխա դաստիարակում են ոչ միայն ընտանիքի համար, այլ նաև, ինչը շատ կարևոր է, հասարակության համար: Եվ միայն այդ ժամանակ թիմը կկայանա: Ասում են՝ առողջացման համար պետք է նախ իմանալ ախտորոշումը: Ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»: Եկեք վերադառնամ կրթությանը: Պատերազմի տարիներից սկսած շատ կոտրվեց կրթական համակարգի մեջքը, որովհետև մարդիկ հացի խնդիր էին լուծում: Եվ այդ համակարգի վերականգնումը շատ կարևոր եմ համարում: Որպես դիագնոզ կդնեմ շատ կարևոր մի բան՝ աշխատասիրությունը պետք է ավելացնել, պատասխանատվության զգացում ու իրավունքների լիարժեք գիտակցում է պետք ունենալ: Ոչ թե մարդիկ պետք է ապրեն իմպրովիզացիայի մեջ, այլ իրականության մեջ: Պետք չէ վախենալ, որ այսօր քիչ բերք ես տալիս, պետք է մտածել՝ ո՞նց անես, որ ավելի շատ բերք տաս: Պետք է սովորել, չվախենալ սովորելուց, հարցնելուց: Պետք չէ անիմաստ տեղը ինքնահաստատվել, պետք է զարգանալ ու զարգանալ, ինքնակրթվել, կարդալ: Դա հաստատ մեր ապագայի հիմնական գրավականներից մեկն է: Եթե կրթական համակարգը երկրում համարվի ռազմավարական հիմնական ուղղություն, մենք շատ հարցերում լինելու ենք առաջատար: Անհատներ, թե ինստիտուտներ, ո՞րը զարգացնել: Երկուսն էլ. պետք է լինեն անհատներ, ովքեր կզարգացնեն ինստիտուտները: Առանց ինստիտուտի անհատը հաստատ տանուլ կտա, և առանց անհատի ինստիտուտը չի զարգանա: Ինստիտուտն առաջ տանողները պետք է լինեն անհատները, որոնք պետք է լինեն ճկուն, բացատրելով այդ ինստիտուտներում, որ այդ թիմայնությունն է հետո ձեզ դարձնելու անհատներ: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Պարտավորությունները շատ-շատ են: Հիմնականը՝ մեր սերունդերին պետք է կարողանանք թողնել ոչ թե կիսաջարդված տաշտակ, այլ շատ նորմալ կառուցված երկիր: Չի կարելի թողնել կիսաքանդ գործարաններ և շենքեր, քայքայված տնտեսություն, ավերված ճանապարհներ: Իսկ ամենակարևորը, որպեսզի իրենք մեզանից ավելի ուժեղ լինեն, մենք երբեք չպետք է իրենց ճնշենք մեծի մեր հեղինակությամբ: Այդ սերունդը, մեկ է, տալու է մեզ անցնի, և շատ սխալ ենք գործում, եթե մտածում ենք, որ իրենք պետք է մեզանից առաջ չանցնեն: Հենց մեր օրոք իրենք պետք է մեզանից առաջ անցնեն, մենք պետք է թույլ տանք, որ իրենք մեզնից անցնեն, չվախենանք: Եվ դրան գումարած մեր ապագա սերնդին պետք է թողնենք արտակարգ կրթական համակարգ: Ի՞նչ եք անում դուք՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար: Յուրաքանչյուր երկիր ավելի լավը դարձնելու համար ամենակարևոր գործոնը այդ երկրի մարդկանց հայրենանվեր աշխատանքն է: Ես աշխատել եմ տարբեր ոլորտներում: Սիրելով իմ հայրենիքը՝ ես մասնագիտական դասավանդել եմ Հայաստանում և արտերկրում և արել հնարավորինս ամեն բան, ինչը որ օգուտ կբերի Հայաստանին: Աշխատել եմ նվիրված: Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ընկերության շնորհիվ մեր աշխատանքային թիմը ստեղծել է նոր ՏՏ պրոդուկտ, որով դուրս ենք եկել միջազգային ասպարեզ: Մեր Հայաստանում ստեղծված պրոդուկտը շահել է բազմաթիվ տենդերներ: Մեզ հետ արդեն համագործակցում են մի շարք երկրների կառավարություններ՝ Կոսովոն, Կիրգիզիան, Տաջիկիստանը, Վրաստանը: Բացի այդ, անց եմ կացրել բազմաթիվ մասնագիտական դասավանդումներ Հայաստանում և արտերկրում: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ներկայում ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը: Մեր պարագայում զարգացման տեսլականը պետք է լինի հայկական գիտական ուժը, ճկունությունը, միտքը և համառությունը ճիշտ ռելսերի վրա դնելը: Լինելով ավելի գրագետ՝ պետք է կարողանալ ճիշտ դիրքավորվել այսօրվա ստեղծված իրավիճակում, հաշվի առնել բոլոր այն պատմական ելևէջները, որոնք եղել են մեր երկրի, թագավորների ու Տիգրան Մեծի հետ և տեսնել, թե ինչն է հիմնական շարժիչ ուժն այսօրվա կյանքի համար: Բոլորս էլ գիտենք, որ պետք է լինել շատ ուժեղ քաղաքական գործիչ, միաժամանակ ուժեղ տնտեսագետ, դիվանագետ, որ կարողանալ և հողեր պահպանել, և հայկական միտքը սփռել ամբողջ աշխարհում: Բայց մենք այսօր հասել ենք իրավիճակի, որ երիտասարդ ընտանիքները մեկ կամ երկու երեխայից ավելի չեն ունենում: Դա լուրջ խնդիրներից մեկն է, որ պետք է լուծել: Պետք է բարձրացնել ծնելիությունը, ունենալ դաստիարակված երեխաներ, ուժեղ կրթական համակարգ, որը կբերի ուժեղ պետության ձևավորմանը: Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, որը սերտ կապված է մեր տնտեսական հնարավորությունների հետ, ինձ համար առաջնահերթ է այն ամենը, ինչ պետք է իմ ժողովրդին, մեր հայրենիքին: Բայց շատ կարևոր է, որ գտնվի կոմպրոմիսային լուծումների ճիշտ ճանապարհ:

Lragir.am,
22-01-2020 22:37