ԹԻՀԿ առաջարկները նվիրաբերությունների գործընթացի կարգավորման վերաբերյալ

22-01-2020 23:51

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկությունները պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին կատարվող նվիրաբերությունների գործընթացի կարգավորման վերաբերյալ Սույն փաստաթղթով ներկայացվում են առաջարկություններ պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին կատարվող նվիրաբերությունների գործընթացի կարգավորման վերաբերյալ՝ ապահովելու դրա թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Գործող իրավակարգավորումներ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կատարվող նվիրաբերությունների հիմնարար իրավակարգավորիչ ակտը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն է: Թեև այն ամրագրում է նվիրաբերությունների հիմնական դրույթները, գործընթացի կարգավորումներում մնում են մի շարք բացեր: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին գույքի կամ իրավունքների նվիրատվությունը կարող է իրականացվել բացառապես որպես նվիրաբերություն: Նվիրաբերությունների հիմնարար իրավակարգավորիչ ակտը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն է, որի 605-րդ հոդվածը սահմանում է հետևյալը. 1. Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով: Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին: 2. Նվիրաբերությունն ընդունելու համար որևէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում: 3. Նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան: 4. Նվիրաբերությունը որոշակի նպատակով օգտագործելու համար ընդունած իրավաբանական անձը պետք է վարի նվիրաբերված գույքի օգտագործման բոլոր գործառնությունների առանձնացված հաշվարկ: 5. Եթե իրադրության փոփոխման հետևանքով նվիրաբերված գույքի օգտագործումը նվիրաբերողի սահմանած նպատակին համապատասխան դառնում է անհնար, այն կարող է օգտագործվել այլ նպատակով միայն նվիրաբերողի համաձայնությամբ, իսկ նվիրաբերող քաղաքացու մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում` դատարանի վճռով: 6. Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում: Ուստի նվիրաբերության գործընթացը իրավական առումով պետք է ձևակերպվի բացառապես պայմանագրով, իսկ պայմանագիրը (երկկողմ կամ բազմակողմ) կարող է կնքվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: Պայմանագրով պետք է նախատեսվեն կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի վավերության պայմանները և ժամկետները, ինչպես նաև կողմերի ցանկությամբ քաղաքացիական օրենսգրքին չհակասող ցանկացած դրույթ: Նվիրաբերության պայմանագիր կարող են կնքել միայն իրավաբանական անձինք, այսինքն՝ ՀՀ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները: «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարչական հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով: Պետական կառավարչական հիմնարկների փոխարեն նվիրաբերության ստացման պայմանագրեր ՀՀ անունից կարող է կնքել ՀՀ կառավարությունը: Իրավական բացեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված չեն ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացվող նվիրաբերությունների ընդունման սահմանափակումները, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և գործընթացի նկատմամբ վերահսկողությունը: Հաշվի առնելով, որ օրենսգիրքը տալիս է հիմնական դրույթները, ցանկալի է դրանք սահմանել ենթաօրենսդրական ակտով՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարածելով դրույթները բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացվող նվիրաբերությունների վրա: Առաջարկներ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացվող նվիրաբերությունների ընդունման սահմանափակումները, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և գործընթացի նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգելու նպատակով առաջարկվում է հետևյալը. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ստացվող նվիրաբերությունները անկախ նվիրաբերվող գույքի, դրամական միջոցների չափից և քանակից, նվիրաբերությամբ փոխանցվող իրավունքի տեսակից ենթակա են հրապարակման այդ մարմնի պաշտոնական կայքում՝ պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում: Նվիրաբերության պայմանագրերի հաշվառման ձևաթղթերի տիպային օրինակները, նվիրաբերության առարկաների հանձնման-ընդունման կանոնները պետք է նախատեսել նույն կարգով՝ հավելվածով: Տեղական ինքնակառավարման մարմիններում նվիրաբերության պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես ավագանու դրական եզրակացության առկայության դեպքում: Նվիրաբերությունը չպետք է ենթադրի նվիրաբերողի համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համարժեք իրավիճակների համեմատությամբ բարենպաստ պայմաններով իրավունքների տրամադրում: Այդպիսի դեպքերում կնքված նվիրաբերության պայմանագրի վերացման հարցը պետք է քննվի գործընթացում դերակատարում ունեցող պատասխանատու պաշտոնատար անձի քաղաքական և(կամ) քրեական պատասխանատվության հարցի բարձրացմանը զուգահեռ: Պետք է արգելել նվիրաբերություններ կատարել դատական համակարգին և իրավապահ մարմիններին: Նվիրաբերության պայմանագրերի կատարման, այդ թվում՝ դրանց հրապարակման գործընթացի նկատմամբ անմիջական հսկողությունը պետք է վերապահել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ոչ քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի՝ պարտականությունների չկատարման դեպքում կարգապահական պատասխանատվության հնարավորությունը նախատեսելու նպատակով: Առաջարկվող իրավակարգավորումների ներդրման դեպքում հստակեցվում է նվիրաբերության գործընթացում պետության կամ համայնքի կողմից ներգրավված պաշտոնատար անձանց կարգապահական, քրեական և քաղաքական պատասխանատվությունների սահմանները: Մասնավորապես՝ գործընթացի օրինականության համար անմիջական պատասխանատու պաշտոնատար անձը (ոչ քաղաքական պաշտոն զբաղեցնող՝ օրինակ քաղաքապետարանի վարչության պետը) կարող է ենթարկվել կարգապահական և քրեական պատասխանատվության: Որպես կարգապահական պատասխանատվության տեսակ կարող է կիրառվել նկատողություն, դիտողություն, փոխադրում ավելի ցածր պաշտոնի և այլն, որոնք կանոնակարգված են տվյալ գերատեսչության ներքին իրավական ակտերով: Քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել պաշտոնական դիրքի չարաշահման, լիազորությունների անցման, յուրացման և այլ հանցակազմերի համար, որոնք կարգավորված են ՀՀ քրեական օրենսգրքով: Քաղաքական պատասխանատվությունը օրենսդրական կարգավորում չունի և կիրառվում է քաղաքական սովորույթի ուժով, ինչպես օրինակ՝ նախարարներին կամ քաղաքապետին քաղաքական պաշտոնից ազատումը:

Lragir.am,
22-01-2020 23:51