Հայաստանի նախագահը Երուսաղեմում. Իսրայելի նախագահը ապրիլի 24-ին կգա՞ Երեւան

Հայաստանի նախագահը Երուսաղեմում մասնակցելու է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովին: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հովանու ներքո կայանալիք «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կդառնա Իսրայելի պատմության խոշորագույն միջոցառումը: Այն կայանալու է «Յադ Վաշեմ» կենտրոնում հունվարի 22-23-ին: Հյուրերի թվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Բոսնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Հայաստանի, Իսլանդիայի եւ Կանադայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը, Եվրախորհրդարանի, Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի նախագահները, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Բելգիայի, Իսպանիայի թագավորները, Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի թագաժառանգները, Շվեդիայի, Դանիայի, Չեխիայի եւ Մոնակոյի վարչապետները, ինչպես նաեւ Վատիկանի ներկայացուցիչը, Լատվիայի ու Բելառուսի խորհրդարանների խոսնակները, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Հունվարի 27-ին միջոցառումներ կկայանան Լեհաստանում, բայց Իսրայելը կարեւոր քաղաքական քայլ է անում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակը նույնականացնելով իր պատմության հետ: Իսրայել պետությունը Երկրորդ համաշխարհայինի կարեւորագույն արդյունքներից մեկն է: Մինչ Ռուսաստանը փորձում է ապացուցել նոր «Յալթային» իր մասնակցության իրավունքը, մինչ Արեւմուտքը ցանկանում է վերադարձնել աշխարհակարգը Առաջին համաշխարհային պատերազմին, Իսրայելն իր գոյությամբ խոսում է այն մասին, որ կարելի է իրացնել պետության ու զարգացման իրավունքը: 2015 թվականին Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներն այնքան էլ մասշտաբային չստացվեցին: Ժամանել էին Օլանդն ու Պուտինը: Այդ օրը քաղաքական հայտարարություններ չարվեցին: Պուտինն անգամ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը: 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւ ընդունեց: Մինչ այդ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք, Գոլանի բարձունքները ճանաչեց Իսրայելի մաս՝ նշելով, որ պետք է հաշվի նստել իրողությունների հետ: Պաշտոնական Երեւանը կկազմակերպի՞ նման միջոցառում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ: Հայաստանը կհայտարարի՞ պատմական հայրենիքի հանդեպ իր իրավունքների եւ Արեւմուտքի թողտվությամբ Ռուսաստանի ու Թուրքիայի անօրինական պայմանագրերի հանդեպ անհամաձայնության մասին: Իսրայելի նախագահին Երեւան կհրավիրե՞ն ապրիլի 24-ին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
22-01-2020 23:49