Հեղաշրջման փորձ է եղել. ԱԽ քարտուղար

23-01-2020 13:15

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ երկրում հեղաշրջման փորձ է եղել: «Կարող եմ ասել՝ դա կանխվել է: Եվ այժմ որևէ խնդիր չկա», ասաց նա: Հարցին, թե կանխվելուց հետո ինչ հետևանքներ են եղել, պաշտոնանկություներ եղե՞լ են, նա պատասխանեց, որ նաև պաշտոնանկություններ են եղել: «Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի», ասաց նա: Հարցին, որ վերջին շրջանում եղել է ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՊՊԾ ղեկավարի պաշտոնանկություն, նրանք կապ ունե՞ն այդ ամենի հետ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես անուների մասին այս պահին հստակ բան չեմ ասի: Ես կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, և նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան, և կանխվել են: Եվ դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից կամ ինֆորմացիայից, մինչև մեր քաղաքական թիմին սևացնելու միջոցով փորձել տարբեր քայլեր ձեռնարկել, օրինակ, ասել, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողվելու է, որ հողեր ենք հանձնում: Ամեն առավոտ հայտարարում էին, որ հողեր ենք հանձնում, նույնիսկ հասել էին այն մակարդակի, որ հայտարարում էին՝ Հայաստան սպառազինություն չի մտնում: Նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություն է եղել: Բայց 2019 թվականի արդյունքներն ամփոփելիս՝ պարզվել է, որ Հայաստան աննախադեպ քանակի զենք է մտել: Այդ քայլերը կանխել ենք, նման վտանգ այլևս չկա»:

Lragir.am,
23-01-2020 13:15