ՉԺՀ-ում թոքաբորբի պատճառով դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհանի հետ

23-01-2020 14:04

Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին լիովին դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգի վարչական կենտրոնի) հետ նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով, որը հարուցել Է 2019-nCoV կորոնավիրուսը: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում Է գերատեսչությունը, բոլոր նահանգների, ինքնավար շրջանների ու կենտրոնական ենթակայության քաղաքների տրանսպորտային վարչություններին կարգադրված Է կասեցնել ջրային ու ցամաքային տրանսպորտի կանոնավոր մարդատար չվերթները Ուհան, որի բնակչությունը կազմում Է մոտավորապես 11,1 մլն մարդ, ինչպես նաեւ ժամանակավորապես արգելել ավտոբուսների մուտքն այդ քաղաք: Բացի այդ, արտակարգ շտաբի տվյալներով, Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Հուանգան քաղաքի հետ: Իր հերթին SINA տեղեկատվական պորտալը հայտնել Է Հուբեյի նահանգի Էչժոու քաղաքային օկրուգում երկաթուղային կայարանի աշխատանքի դադարեցման մասին: Ավելի քան 1 մլն բնակիչ ունեցող Էչժոու քաղաքը գտնվում Է Ուհանից 70 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել Է 2019-nCoV կորոնավիրուսը: Էչժոուն կարեւոր տրանսպորտային հանգույց Է եւ լոգիստիկական կենտրոն: Քաղաքում տեղակայված են մետալուրգիական, տեքստիլ եւ քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ: Հունվարի 23-ին Ուհանի բնակիչների համար քաղաքից մեկնելու ժամանակավոր արգելք Է սահմանվել թոքաբորբի բռնկման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
23-01-2020 14:04