ԼՀԿ կառավարման խորհրդի հայտարարությունն ընդդիմության սահմանադրական իրավունքի իրացումը սահմանափակելու վերաբերյալ

23-01-2020 15:36

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 108-րդ հոդվածի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 05-ին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով Ազգային ժողովում ստեղծվել է 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի նախագահը նախորդ տարվա դեկտեմբերի 05-ին հայտարարություն է արել: Ընդ որում, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 20-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի նախագահն ընթացք չէր տա պատգամավորների դիմումին, այսինքն՝ հանձնաժողովը չէր ստեղծվի, եթե նախաձեռնության հետ կապված առկա լիներ որևէ խնդիր: Տվյալ դեպքում, Ազգային ժողովի նախագահն ընթացք է տվել դիմումին, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն իր եզրակացությամբ ևս մեկ անգամ փաստել է դրա բովանդակության համապատասխանությունը Սահմանադրությանը: Սա հատկապես կարևոր է այն առումով, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև վերջ պնդում էին, որ Ազգային ժողովն այս մասով լիազորություն չունի: Ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Այսինքն, հանձնաժողովում Դոնթի բանաձևով մեծամասնություն կազմելու էին իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները (առաջարկվող 11 անդամներից 7-ը): Եվ բնականաբար որոշումների կայացմանը որոշիչ էին լինելու մեծամասնության անդամների ձայները՝ չնայած նրան, որ հանձնաժողովը նախագահելու էր ընդդիմության ներկայացուցիչը: Քանի որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով արդեն ստեղծված է համարվում, ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի և Կանոնակարգի 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ մնում էր սահմանել քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Այդ մասին մեր կողմից ներկայացվել է որոշման նախագիծ և առաջարկվել անդամների թիվը նախատեսել 11: Նշված որոշման ընդունումը տապալելով՝ իշխող մեծամասնությունն ուղղակիորեն խոչընդոտում է Ազգային ժողովի պատգամավորների ¼-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանադրական իրավունքի իրացմանը, որը ֆունդամենտալ նշանակություն ունի խորհրդարանական երկրի կայացման համար: Ըստ էության, այս հանձնաժողովի ստեղծմանը խոչընդոտելը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանում իրապես գործել է կոռուպցիոն սխեմա, այլապես իշխող ուժի ներկայացուցիչներն իրենք շահագրգռված կլինեին ստեղծված քննիչ հանձնաժողովի ձևավորմամբ և դրա զեկույցի ստացմամբ: Այսպիսով, քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները: Օդում կախված մնացին այն լուրերը, որ նախկին իշխանությանը հարող օլիգարխները քաղաքապետարանի հորդորով համայնքին գույք են նվիրաբերել՝ դրա դիմաց ստանալով որոշակի արտոնություններ կամ այլ իրավունքներ: Փաստացի հեղափոխությունից հետո առաջին անգամ մենք առերեսվեցինք կլանային մտածողության հետ, երբ իրավունքը ստորադասվում է թիմակցին փրկելու, նրա կամայականությունները քողարկելու արատավոր պրակտիկային: Վերոհիշյալը հիմնավորում է այն տեսակետը, որ Հայաստանը դեռևս միայն անունով է պառլամենտական պետություն, իսկ կառավարող թիմը ոչ միայն չի փորձում պառլամենտարիզմի իրական ավանդույթներ ձևավորել, այլև ընդհակառակը՝ նմանատիպ հակաժողովրդավարական մոտեցումներով հետքայլ է արձանագրում զարգացման ուղուց ու էլ ավելի սահմանափակում խորհրդարանի դերը Հայաստանի քաղաքական կյանքում, ինչը գնահատում ենք դավաճանություն հեղափոխության հռչակած արժեքներին: «Լուսավոր Հայաստանը» դատապարտում է այս գործելաոճը՝ համարելով դա նահանջ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու գործում: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Lragir.am,
23-01-2020 15:36