Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայեցակարգ

23-01-2020 20:39

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող: 2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ արտահերթ զեկույցի ձևով: Այս հայեցակարգը ներկայացնում ենք ուսումնասիրության և հարկ ենք համարում արձանագրել, որ նման երևույթների դեմ պայքարը պետք է լինի համակողմանի:   Քրեական ենթամշակույթի արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է, պետական բազմակողմանի քաղաքականություն: Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման ծավալները: Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը: Այդ նպատակի համար քրեակատարողական համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ, որն, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ: Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում: Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակներում, ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում: Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին. ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց, ազատությունից զրկման վայրերում՝ այդ թվում քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ, ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ, ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն, ազատազրկվածներին պահելու պայմանները: Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ: Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն: Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում: Կից կարող եք տեսնել հայեցակարգը, որը հասանելի է հետևյալ հղումով. https://www.ombuds.am/images/files/8e7bd6769c0010926cd2537139aa3120.pdf

Lragir.am,
23-01-2020 20:39