Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվելու է Կիլիկյան հերոսամարտներին նվիրված գիտաժողով

23-01-2020 22:26

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2020 թվականի ապրիլի 16-17-ին անցկացվելու է «Պայքար հայկական Կիլիկիայի համար. Կիլիկիան և կիլիկիահայությունը Առաջին աշխարհամարտի ավարտից հետո (1918-1921 թթ)» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը նշեց, որ գիտաժողովն ուղեկցվելու է ցուցահանդեսով: «Հերոսամարտերի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ նախկինում իրականացրել ենք, իսկ այս ցուցադրության նպատակն է ներկայացնել Կիլիկիայի պատումը և հերոսամարտերը, թե ինչպես են մարդիկ կենաց-մահու կռիվ մղելով պայքարել հանուն Կիլիկիայի»,-ասաց նա: Խանումյանի խոսքով`  թանգարանային ցուցադրության շրջանակում ներկայացնելու են բացառիկ ցուցանմուշներ, որոնք պատմում են մարդկային ճակատագրերի մասին: «Ցուցադրության մեջ օգտագործելու ենք նաև վերջին տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված նմուշներ` բացիկներ և իրեր»,-ընդգծեց գլխավոր ֆոնդապահը:

Lragir.am,
23-01-2020 22:26