Հայաստանն Իսպանիայում ներկայացված է տարվա առաջին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

23-01-2020 23:49

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ մեծ ու միասնական տաղավարով Հայաստանը ներկայացված է տարվա առաջին՝ «Fitur2020» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում, որը տեղի է ունենում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են ներգնա տուրիզմի ոլորտում տարիների փորձ ունեցող 9 ընկերություններ: «Fitur2020»-ը մի հարթակում է հավաքել 10 հազարից ավելի տուրօպերատորների՝ 160 երկրից: Ակնկալվում է, որ ոլորտի պրոֆեսիոնալների և ցուցահանդեսի այցելուների թիվը կգերազանցի 250 000-ը: Հայաստանյան ներգնա տուրօպերատորները իսպանական և եվրոպական շուկայի գործընկերներն մեր երկրի գրավչությունները ներկայացնելիս հատկապես շեշտադրել են մշակութային և գաստրոտուրիզմի հնարավորությունները: «Այս տարի Հայաստանը ներկայացվում է ոչ թե մի քանի փոքր ստենդներով, այլ մեծ, ներկայանալի, միասնական տաղավարով: Ընդ որում, միասնական հայկական «հովանոցի» ներքո են հավաքվել ոչ միայն ասոցիացիայի անդամ, այլ նաև տարիների փորձ ունեցող այլ զբոսաշրջային ընկերություններ: Սա շատ կարևոր է մեր երկիրը միջազգային գործընկերներին պատշաճ ներկայացնելու և զբոսաշրջային ինդուստրիայի համախմբման, միասնականության, ոլորտի զարգացման տեսակետից»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը: «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամ ընկերություններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, սկսած 1995 թվականից, մեր երկիրը ներկայացրել են միջազգային գործընկերներին՝ Հայաստանում հիմք դնելով կազմակերպված զբոսաշրջությանը: «Fitur2020» միջազգային ցուցահանդեսին Հայաստանը լավագույնս ներկայացնելու աշխատանքներին աջակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Իսպանիայում մեր երկրի դեսպանությունը և հայ համայնքը: «Fitur2020»-ը մեկնարկել է հունվարի 22-ին, կտևի 5 օր: Հանրային կապերի թիմ

Lragir.am,
23-01-2020 23:49