Ինչու էր տղամարդը զինված ներխուժել «Էրեբունի պլազա». Ժողովուրդ

24-01-2020 08:59

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է: Դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետ բանակցողը: Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել: Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջացնում: Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Երեւանի Էրեբունի համայնքում՝ «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում, 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել մի բնակչուհու, եւ ոստիկանները նրան վնասազերծեցին՝ կրակոցներով սպանելով նրան: Իսկապես, երկրում իրավիճակ է փոխվել: Ինչեւէ, նշենք, որ արդեն հայտնի է երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան: Նա ծնվել է 1987 թվականին Արտաշատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զենքը, որով կրակել է, որսորդական էր, ապօրինի: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3՝ 185 /ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/, 218 /պատանդ վերցնելը/ եւ 235 /ապօրինի զենք պահելը, օգտագործելը/ հոդվածների հատկանիշներով: Նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում: Իսկ ինչո՞ւ էր նման արարքի դիմել: Իրավապահները դեռ չեն շտապում վարկածներ առաջ քաշել: Միայն հայտնի է, որ նրա ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվ, քաղաքականացված է եղել: Նա սատարել է Ռոբերտ Քոչարյանին: Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում Քոչարյանի որոշ աջակիցներ նրան հեռացրել են ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Գործի մանրամասները կհայտնենք առաջիկայում»:

Lragir.am,
24-01-2020 08:59