Հրայր Թովմասյանի տարօրինակ հայտարարությունը. ինչ գիտե Վանեցյանը

«Նախկին ԱԱԾ տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, ես հուսով եմ, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի  և այս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, ոնց է սկսվել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամենը կդառնա հանրության սեփականություն: Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված », այսօր իր տան խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա ասել է, թե հանրությունը տեսնում է գործընթացի 10 տոկոսը: Ասել կուզի, այսբերգի անտեսանելի մասն ավելին է: Միաժամանակ, նա անդրադառնում է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գրառմանը, որ արվել էր մի քանի օր առաջ: Հեղինակը գրել էր, թե երկրի անվտանգության մասին մտահոգություն արտահայտելիս, ինքը նկատի է ունեցել նաեւ ՍԴ շուրջ զարգացումը: Հրայր Թովմասյանն այժմ ակնկալում է, որ Արթուր Վանեցյանը կասի ավելին: Միաժամանակ, նա նշում է, թե ինքն ավելին չի ասում պետության հեղինակության մասին մտահոգությամբ: Ստացվում է տարօրինակ հայտարարություն՝ Հրայր Թովմասյանն ինքը չի բացում մանրամասները, որովհետեւ մտահոգ է պետության հեղինակության համար, բայց ուզում է, որ պետության հեղինակության հետ խաղա Արթուր Վանեցյա՞նը: Եթե հարցը պետության հեղինակությունն է, ապա լռությունը պետք է ոչ միայն պայմանավորվի դրանով, այլ չպետք է լինի նաեւ դրա մասին ակնարկ: Երբ ասվում է, թե կա հայտնելու բան, բայց պետության հեղինակության հարց է, ապա դա արդեն իսկ ստացվում է պետության հեղինակության հետ որոշակի խաղ, պետության հեղինակության քողի տակ ինտրիգ ստեղծելու տեսքով: Եթե դա պարզապես տեղեկատվական շանտաժ է, ապա պատկերը ոչնչով ավելի մխիթարական չէ: Հնարավոր է նաեւ, որ Հրայր Թովմասյանի հայտարարության տողատակում կա այլ, ավելի նուրբ շերտ: Երբ նա ասում է, թե հույս ունի, որ Արթուր Վանեցյանը կասի ավելին, գուցե այդպիսով ակնարկում է, որ համենայն դեպս իրեն Արթուր Վանեցյանն ավելին ասել է, բայց չգիտես ինչու չի հանրայնացնում: Իսկ քանի որ ինքը գիտե Վանեցյանի ասածով, Թովմասյանը ողջախոհաբար լռում է՝ չստանձնելով «ուրիշի ասածի» պատասխանատվություն: Միաժամանակ Հրայր Թովմասյանը գուցե ակնարկում է, որ իր խնդրի վրա խաղ չկառուցեն եւ չխաղան իր հաշվին, բայց առանց իրեն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
24-01-2020 15:05