Արարատի մարզպետը ֆերմերների հետ քննարկել է սպանդանոցների տեղաբաշխման հարցը

24-01-2020 18:29

Արարատի մարզպետարանում հունվարի 24-ին հրավիրվել  է քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատի մարզպետարանից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը: «Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը: Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները: Մարզպետը ներկայացրել է, որ Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կօգնի սպանդանոցներ կառուցել ցանկացողներին հողի նպատակային նշանակության փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում: «Քարտեզագրվելու է մարզը՝ հասկանալու համար, թե ցանկացողները ո՞ր մասում կարող են կառուցել սպանդանոցները: Չի պարտադրվելու, պարզապես ուղղորդվելու է, թե որ մասն է ավելի նպատակահարմար: Այնպես անենք, որ բաշխումը ճիշտ լինի»,- նշել է Գարիկ Սարգսյանը: Քննարկմանը ֆերմերները ներկայացրել են իրենց բողոքներն ու առաջարկները, որոնք էլ մարզպետի կողմից կներկայացվեն Կառավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
24-01-2020 18:29