ՀՀ քաղաքացին արժանի է ավելի լավ իշխանություն ու ավելի լավ ընդդիմություն ունենալուն

Մեր զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Պարոն Բաբաջանյան, անցնող խորհրդարանական շաբաթը բավականին բուռն էր: Իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ այս իշխանությանը հեղափոխական ընդդիմությունն է պակասում: Ի՞նչ կարող եք ասել այս առումով: Ընդհանուր առմամբ նորմալ եմ գնահատում իրավիճակն այն առումով, որ ցանկացած խորհրդարանի էլ բնորոշ են բուռն բանավեճերը, երբեմն բախումները: Խնդիրը, սակայն, այն է, որ մեզ մոտ այդ բանավեճերը կամ բախումները տեղի չեն ունենում գաղափարների, ծրագրերի ու մտքերի շուրջ: Մեր խորհրդարանում ավելի շատ գործ ունենք անձնավորված մեղադրանքների, հայհոյախոսության հետ, ինչը շատ ցավալի է: Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի հայտարարությանը, ապա գուցե նա իրավացի է ընդդիմության առումով: Սակայն արդար լինելու դեպքում նա պետք է արձանագրեր նաև, որ մենք խնդիր ունենք ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության հետ: Հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմն ինքը շատ հարցերում հեռու է հեղափոխականությունից, շատ ոլորտներում տապալել կամ տապալում է հեղափոխությունից բխող բարեփոխումները: Այնպես որ, օբյեկտիվ լինելու դեպքում մենք պետք է արձանագրենք, որ խնդիրներ ունենք ընդհանուր առմամբ քաղաքական համակարգում՝ ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության որակի, բովանդակության, որպես դրա հետևանք` քաղաքական բանավեճի ու դիսկուրսի առումով: «Իմ քայլը» խմբակցության անդամները զբաղված էին ընդդիմությանը քննադատելով: Որքանո՞վ են այս գործընթացները առողջ: Քննադատությունն ինքնին առողջ երևույթ է, առանց դրա հնարավոր չէ ու անգամ նորմալ չի լինի խորհրդարանի աշխատանքը: Սակայն կրկին պետք է նշեմ դրա որակի մասին: Անցած շաբաթ մենք լսում էինք հիմնականում փոխադարձ կսմիթներ, հիմնականում անձերի դեմ ուղղված քննադատություն, ապա պատասխան այդ քննադատություններին: Այդ ամենում սակայն չկա քաղաքական որակ, առավել ևս չկա երկրի ու քաղաքացու շահը: Ես այս գործընթացը օգտակար կհամարեի, եթե քննադատությունը ծավալվեր ապագայի օրակարգերի, այս կամ այն ոլորտի ռազմավարության, հայեցակարգերի շուրջ: Մենք, սակայն, դա չունենք, փոխարենն առկա է պարզունակության մակարդակի լեզվակռիվ, որը, վստահ եմ, մեղմ ասած հաճելի չէ մեր քաղաքացու համար: Հայաստանի հասարակությունը, ՀՀ քաղաքացին արժանի է ավելի լավ իշխանություն ու ավելի լավ ընդդիմություն ունենալուն: Հրայր Թովմասյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո Հրայր Թովմասյանի պաշտպանը հայտարարեց, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է և որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել իրենից: Ինչպե՞ս եք սա գնահատում: Հրայր Թովմասյանի դեմ տեղի է ունենում իրավական գործընթաց՝ կապված Արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում նրա կողմից թույլ տրված առերևույթ ապօրինություննների հետ: Կարծում եմ Հրայր Թվոմսյանն ինքը ամենաշատը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այդ գործն ամբողջությամբ քննվի և եթե, ինչպես ինքն է պնդում, անմեղ է, ապացուցվի իր անմմեղությունը: Անկեղծ ասած, ես չեմ կարող պատասխանել իշխանության ցանկությունների կամ մտադրությունների մասին հարցին: Մյուս կողմից չեմ կարծում, թե խնդիրը Հրայր Թովմասյանի անձն է, որովհետև, ինչպես բազմիցս առիթներ եմ ունեցել նշելու, երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը շատ խորքային է ու համակարգային, հետևաբար այն կարող է հաղթահարվել միայն այդպիսի՝ ինստիտուցիոնալ լուծումներով: Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելով սահմանադրական ճգնաժամը չի հանգուցալուծվելու, ինչպես գուցե կարծում են իշխանության որոշ ներկայացուցիչներ: Իր ճեպազրույցում Հրայր Թովմասյանը նշում է, որ միջազգային հանրությունը սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթ է, և այսպես մսխվում է Հայաստանի միջազգային հեղինակությունը: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ: Կարծում եմ տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանի միջազգային հեղինակությունն ու վարկը մսխվել է Հրայր Թոմմասյանի հարազատ կուսակցության իշխանության պատճառով, այդ հեղինակությունը մսխվել է կեղծված ընտրություններով ու հենց Հրայր Թովմասյանի այսօրվա ղեկավարած Սահամանադրական դատարանի կողմից դրանք լեգիտիմացնելով: Հայաստանի հեղինակությունը մսխվել է քաղաքական հետապնդումներով ու հալածանքներով, համակարգային կոռուպցիայով ու թալանով, տնտեսության մեջ հաստատված մենաշնորհներով ու օլիգոպոլիաներով: Այնպես որ, կարծում եմ, Հրայր Թովմասյանը ազնիվ լինելու դեպքում իրեն չպետք է իրավունք վերապահեր խոսել Հայաստանի հեղինակության մսխման մասին, քանի որ ինքն այդ մսխման ամենաանմիջական հեղինակներից մեկն է ու այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, որը խայտառակել է Հայաստանն աշխարհի առաջ տարիներ շարունակ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
24-01-2020 18:48