Երևանում հարգանքի տուրք մատուցվեց Հոլոքոստի անմեղ զորքերի հիշատակին

24-01-2020 19:14

Հոլոքոստի հիշողության շաբաթի շրջանակում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հրեա անմեղ զոհերի հիշատակը հարգելու էին եկել մի շարք բարձրաստիճան այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հոլոքոստի հիշողության շաբաթի շրջանակում կայացավ Հայաստանի հրեական համայնքի հավաքը: Հոլոքոստի հիշողության շաբաթը, որն անց է կացվելու հունվարի 24-31-ը, նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին: Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: «Գրեթե 3 ամիս նրանք գոյատևել են «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում: Մենք այս օրը հավաքվում ենք այս հուշարձանի մոտ ու ևս մեկ անգամ փաստում, որ այդ ժամանակ միայնակ չենք եղել: Այսօր մեր կողքին էին ՀՀ նախագահի, վարչապետի ներկայացուցիչները, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավոր խորհրդականը»,- նշեց Վարժապետյանը: Նա նշեց, որ հուշարձանի մոտ վառվել է 6 մոմ, ինչը խորհրդանշում է 6 մլն զոհերին: Հայաստանում հրեական համայնքի ղեկավարն ընդգծեց, որ իրենք հպարտանում են Երևանում տեղադրված այդ յուրահատուկ հուշարձանով, որը նվիրված է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայաստանում մեր համայնքն այնքան էլ մեծ չէ՝ մոտ 300-400 ընտանիք, սակայն մենք բավականին ակտիվ ենք: Մենք հպարտանում ենք, որ մեզ համար այսքան դժվար օրը, որը նաև ուրախալի է, քանի որ հենց այս օրն է Սովետական բանակը «Օսվենցիմի» մեր կալանավորներին ազատագրել, հայերը նշում են մեզ հետ և մեր կողքին են»,- շեշտեց Վարժապետյանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Օրը հատուկ է ընտրված` այն ֆաշիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկի` Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմ) ազատագրման օրն է:

Lragir.am,
24-01-2020 19:14