Վտանգավոր իրավիճակ. ովքեր եւ ինչի՞ համար են աջակցում Ռոբերտ Քոչարյանին

Հունվարի 23-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցած զինված միջադեպը արժանացավ հանրային բուռն քննարկումների, ընդհուպ զավեշտալի մեկնաբանությունների, տալով տարաբնույթ կատակների տեղիք: Ինչպես կասեր Շմայսը՝ տեղի ունեցավ բավականին շնորհքով զինված միջադեպ, չեղավ որեւէ զոհ, որեւէ տուժող, վիրավոր, զենքը հանձնվեց, տեղի ունեցավ բավական մեծ աղմուկ, քննարկում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական արագ արձագանքեց, հայտարարելով, որ Հայաստանում չպետք է տեղ ունենա որեւէ բռնություն: Հետո վարչապետը եւս մի արձագանք արեց, փաստորեն գովելով ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին եւ արձանագրելով, որ նրա լավ աշխատանքը հանգեցրեց նրան, որ զինված քաղաքացին հանձնվեց եւ հնարավոր եղավ խուսափել ողբերգությունից: Դա իսկապես շատ կարեւոր է, թեեւ այդ առնչությամբ էլ հնչում են տարբեր մեկնաբանություններ ու վարկածներ, ընդհուպ շատ կոնսպիրոլոգիական: Համացանցում նախ տարածվեց, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի դեմ եղել է «պրոիշխանական հարձակում»: Հետո սակայն պարզ դարձավ, որ զինված երիտասարդը, որը չգիտես ինչու զենքով փնտրել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, եղել է հենց նրա աջակիցներից, համացանցում գրառումներ արել նրա ազատության համար, լուսանկար ունի նրա հետ: Դա էլ տվեց այլ վարկածների առիթ: Անշուշտ հիանալի է, որ զինված միջադեպն ավարտվեց առանց որեւէ ողբերգության: Հատկապես, որ այն տեղի է ունենում օրեր առաջ կատարված, հոգեբանականից մինչեւ թերեւս քաղաքական առումով ծանր ու դժվարամարս ողբերգական դեպքի՝ ԱԱԾ նախկին պետի մահվան դեպքից մի քանի օր անց: Ո՞րն էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը զենքով փնտրող երիտասարդի նպատակը: Այն գուցե պարզի քննությունը, բայց համենայն դեպս տարօրինակ է, որ երիտասարդն ինքը գործողությունը կատարելիս չի բարձրաձայնել որեւէ նպատակի մասին: Դա է, որ շատերին տալիս է կատարվածը թատրոն որակելու առիթ, կամ կարող է հիմք լինել եզրակացնելու, որ նպատակը եղել է ցուցադրականությունը, եւ դա եղել է ոչ թե երիտասարդի, այլ որեւէ այլ մեկի նպատակը, իսկ երիտասարդը եղել է միջոց: Այն, որ Հայաստանի դեմ դիրքավորվելու եւ գործելու բազմաթիվ սխեմաներ ու հաղորդուղիներ են ձեւավորել արտաքին ամենատարբեր դերակատարներ՝ հաճախ նաեւ ներքին շատ օղակների հետ գործակցված, թերեւս կասկածից վեր է: Այդ մասին ակնարկել է նաեւ վարչապետ Փաշինյանը, հեղափոխությունից հետո մի քանի անգամ շոշափելով արտաքին գործակալ գործիչների թեման: Անշուշտ, այդ առնչությամբ պետք է խստագույնս գործեն իրավապահ կառույցները: Բայց որեւէ երկրում իրավապահ համակարգը բացարձակ անվտանգության եւ բացարձակ կանխարգելման կամ բացահայտման երաշխավոր չէ: Հետեւաբար, այստեղ կարեւոր է նաեւ  ներքին «երաշխիքային» մթնոլորտի ձեւավորումը, որով հանրությունն ինքնաբերաբար կթուլացնի Հայաստանի դեմ որեւէ սադրանքի հավանականություն ու հնարավորություն: Իսկ այժմ Հայաստանում մթնոլորտն այդպիսին չէ: Մասնավորապես, վտանգահարույց է այն, որ կա մի սուբյեկտ, որի վրա կարող է վերագրվել Հայաստանում տեղի ունեցող ցանկացած մահ, զինված միջադեպ, որեւէ սադրանք: Այդպիսի որեւէ իրավիճակի պարագայում հանրային մեղադրանքի թիրախում է հայտնվում Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այդ հանգամանքը՝ երբ երկրում կա այդպիսի մեկը, որին հանրությունն անվարան մեղադրելու է տեղի ունեցող ամեն ինչում, ստեղծում է բավական վտանգավոր վիճակ Հայաստանի դեմ սադրանքների համար: Այդ մասին պետք է խորհել, եւ ոչ միայն իրավապահ կառույցների գործունեությանը, այլ նաեւ հանրային միջավայրին առնչվող որոշակի հետեւություններ անել: Դա պետք է անեն բոլորը, թե հանրությունը, թե կառավարությունը, եւ թե Ռոբերտ Քոչարյանը, այդ  թվում իր աջակիցների վարքագծի տեսանկյունից: Օրինակ, նրա համար կարող է մի հարց լինել, թե ով եւ որ պահին ինչի համար է աջակցում Ռոբերտ Քոչարյանին, կա ներդրվում նրա աջակիցների շարք՝ հետո օրինակ Հայաստանի դեմ ի՞նչ անելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
24-01-2020 20:15