Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները

24-01-2020 20:47

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր՝ հունվարի 24-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ:, հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին օրակարգային հարցերի լայն շրջանակ: Գոհունակությամբ նշվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվեց էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը: Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին նույն օրն ընդունեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս համատեքստում դրական գնահատվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը:

Lragir.am,
24-01-2020 20:47