Մի խումբ գրողներ արժանացան Գրողների միության և Պաշտպանության նախարարության մրցանակներին

24-01-2020 21:58

Հայաստանի գրողների միությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվան ընդառաջ տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մի քանի գրողի և իրենց գործունեությամբ հայկական բանակին  ծառայություններ մատուցած անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվեցին հունվարի 24-ին ՀԳՄ դահլիճում: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ անցկացվում է մրցանակաբաշխությունը, և մրցանակների հավակնում են  ոչ միայն գրողներ, այլև բանակում ծառայող, իրավական և գործունեության այլ ոլորտներում բանակին ծառայություններ մատուցող մարդիկ: «Տարեցտարի մրցանակաբաշխության մասնակիցների թիվն ավելանում է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ  մասնակիցներ են լինում Արցախից, սփյուռքից»,-շեշտեց Միլիտոնյանը և հավելեց, որ հանձնաժողովում ընդգրկված են եղել ճանաչված գրողներ, գրականագետներ, որոնցից են Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, Վարդան Դևրիկյանը, Գրիգոր Ջանիկյանը և այլք: «Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արևշատ Ավագյանը, երկրորդ մրցանակին՝ Գագիկ Խաչատրյանը, երրորդ մրցանակին՝ Սուսաննա Հովհաննիսյանը և Ժաննա Աբրահամյանը: «Գեղարվեստական արձակ» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց  Ժաննա Հակոբյանին, երկրորդ մրցանակը՝ Դավիթ Ավետիսյանին, իսկ երրորդ մրցանակը` Նանեին: Վազգեն Սարգսյանի անվան մրցանակին արժանացավ Սամվել Բեգլարյանը: Հրապարակագրության, գրաքննադատության ժանրի մրցանակը տրվեց Գայանե Պողոսյանին: Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաների, գրական-տեսական աշխատությունների մրցանակը հանձնվեց Արմեն Ավանեսյանին: Հայոց բանակում և մարտական դիրքերում մարտնչած ստեղծագործողների գրական մրցանակը տրվեց զինծառայող, ապրիլյան մարտերի մասնակից Վան Նովիկովին և սահմանապահ զինվոր Արմեն Բարխուդարյանին: Հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը: Խրախուսական մրցանակներ տրվեցին Սամվել Մաճկալյանին և Արշակ Ազարյանին: «Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակակիր Արևշատ Ավագյանն ասաց, որ ներկայացրել է «Հայրենակոչ» խորագրով բանաստեղծությունների շարքը` նվիրված հայրենասիրությանը, զինվորներին, բանակին, հայրենատներին, ազգատոհմերին: Բանաստեղծություններից մեկն էլ նվիրել է իր անունը կրող թոռանը, որն այժմ ծառայում է հայոց բանակում: «Տարիների ընթացքում այն, ինչ կապվում է հայրենիքի, ծննդավայրի, հայրենի տան ու բնության հետ, ժամանակակից աշխարհում ավելի է կարևորվում, քանի որ տեղեկատվական պատերազմի, քաղաքական իրադարձությունների բովում նշանավորվում է մարդու անձնական կյանքի հետ կապված ամենը: Հաճելի է, որ հայրենիքի պաշտպանության համար մեզանից շատերը մասնակցում են խոսքով ու գործով, վրձնով, երաժշտությամբ»,- շեշտեց Ավագյանը:

Lragir.am,
24-01-2020 21:58