Թուրքիայի նոր հակահայկական առաջարկը. արյունոտ հայելին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայելի եւ սաղավարտ է նվիրել Գերմանիայի կանցլեր Մերկելին, որը ժամանել է Թուրքիա այդ երկրի նախագահի հետ կարեւոր հարցեր քննարկելու՝ Լիբիա, Սիրիա, այլ խնդիրներ: Էրդողանը նվերներով փորձել է պատվել Գերմանիայի կանցլերին՝ խորհրդանշելով ուժ, կամք, բայց իրավիճակի հակառակ կողմից դիտարկելով, այն ավելի շատ թողնում է Գերմանիայի կանցլերին «անպատվելու» տպավորություն: Ո՞րն է հայելու իմաստը, այն, որ Թուրքիային նայելիս Եվրոպան, մասնավորապես Գերմանիան պետք է իրե՞ն տեսնի դրա մեջ: Մինչեւ Էրդողանին հյուր գալը Անգելա Մերկելը հյուրընկալվել էր Պուտինին՝ նույն հարցերը քննարկելու համար: Պուտինն էլ դրանից օրեր առաջ Էրդողանի հյուրն էր՝ նույն քննարկումների օրակարգով: Գերմանիա-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունին անշուշտ բավական հետաքրքիր է աշխարհքաղաքական եւ աշխարհակարգային ասպեկտում, թե պատմական, թե ընթացիկ իմաստով: Օրինակ, ՌԴ նախագահ Պուտինն արդեն երկրորդ անգամ բարձրաձայնում է նոր աշխարհակարգի շուրջ որոշումները ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների շրջանակում կայացնելու անհրաժեշտությունը: Գերմանիան ու Թուրքիան այդ հնգյակի մեջ չեն: Այլ կերպ ասած, Գերմանիա-Ռուսաստան-Թուրքիա յուրօրինակ եռանկյունուն Պուտինը տալիս է երկրորդական դեր, առաջնայինը վերապահելով հնգյակին՝ Վաշինգտոն, Լոնդոն, Փարիզ, Պեկին, Մոսկվա: Էրդողանը Մերկելին ըստ երեւույթին ակնարկում է, որ կամ միասին թույլ չեն տա Ռուսաստանին փոխել իրենց հնգյակի հետ, կամ կստիպեն ներառել հնգյակի մեջ, ձեւավորելով այդպիսով յուրօրինակ Մեծ Յոթնյակ: Գործնականում, Պուտինն էլ յուրօրինակ առաջարկ է անում հնգյակին՝ համաձայնելով հետին պլան մղել Բեռլինն ու Անկարան, եթե նրանք էլ համաձայնեն հնգյակի քննարկումներին, միայն թե այդպիսով ՌԴ նախագահը վերադարձնի աշխարհի ճակատագիր որոշող ակումբի մասնակցի կարգավիճակը, գոնե իշխանության ավարտին: Կընդունի՞ Գերմանիայի կանցլերը Էրդողանի առաջարկը՝ նվերի հետ միասին: Բանն այն է, որ Բեռլին-Մոսկվա-Անկարա եռանկյունին կառուցված է նաեւ հայկական արյան վրա, առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ցեղասպանության եւ հայրենազրկման միջոցով: 2016 թվականի հունիսին Գերմանիան մասնակի ճանաչեց իր մեղքն ու փորձեց քավել այն՝ Բունդեսթագում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմամբ: Եվ այդ հանգամանքը փաստացի դարձավ 2015-ի նոյեմբերից օդանավի խոցման հետեւանքով գժտված Թուրքիայի եւ Ռուսաստանի հաշտության պատճառ: ՌԴ արտգործնախարար Լավրովն այն ժամանակ հայտարարեց, թե եթե Անկարան իրեն դրսեւորի որպես վստահելի գործընկեր, ապա չի արժանանա այդօրինակ մարտահրավերների: Լավրովն այլ բան չէր ակնարկում, քան ՌԴ հանձնառությունը՝ օգտագործել եղած հնարավորությունն ու կարողությունը հայկական հարցը խեղդելու համար, ինչպես պարտավորվել են Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով: Այժմ Էրդողանն է Պուտինին կարծես թե ակնարկում, որ կմերձենա Գերմանիայի հետ, եթե Մոսկվան ունի Թուրքիայից դեպի առաջնային հնգյակ խույս տալու մտադրություն: Միաժամանակ, Անկարան թերեւս փորձում է ռուս-թուրքական հակահայ պայմանագրի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ռուսաստանը պայմանագրին վերստին կապելու իր ջանքին միավորել Գերմանիային: Կմիանա՞ Բեռլինն այդ ջանքին՝ 100 տարի անց, թե՞ Մերկելը կնստի ոչ թե հայելու առաջ, այլ համակարգչի՝ վերհիշելով 2018-ի ամռանը Հայաստանում տեսածը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
24-01-2020 22:40