ՀՀ բնակչության մեկ տոկոսը ստանում է ՌԴ քաղաքացիություն. կարող է ստեղծվել մոխրագույն գոտի

Մեր զրուցակիցն է Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը Պարոն Միքայելյան, 2019 թվականին 24 հազար ՀՀ քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել, 2018-ին այդ թիվը եղել է 27 հազար, իսկ 2017-ին՝ 25 հազար: Հեղափոխությունից հետո հայտարարվում էր, որ ոչ թե արտագաղթ կլինի, այլ ներգաղթ: Դուք ինչո՞վ եք պայմանավորում այս ամենը, խնդիրները որտե՞ղ եք տեսնում: Այսօրվա դրությամբ Ռուսաստանում դեռ քաղաքացիություն ստանում են այն մարդիկ, որոնք ՌԴ-ում բնակվում են արդեն մի քանի տարի, դա կարող է լինել 6-7 տարի, 10 տարի: Եթե չեմ սխալվում, 6 տարի հետո մարդիկ նոր կարող են դիմել քաղաքացիության համար: Եթե «Հայրենակիցներ» ծրագրով են ներգաղթել, ապա ավելի քիչ է ժամկետը, բայց շատ քիչ չէ, էլ չեմ ասում, որ հայաստանցիներից շատերը, որ մեկնում են Ռուսաստան, նրանք սկզբում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունենում, հետո նոր ինչ-որ ժամանակից հետո դասավորում են ամեն ինչ: Այսինքն՝ Հայաստանից Ռուսաստան արտագաղթի և ՌԴ-ում քաղաքացիություն ստանալու միջև կարող է անցնել մոտ 10 տարի: Կարծում եմ՝ միջինում հենց այդքան է կամ գուցե մի փոքր ավելի քիչ: Ելնելով նրանից, որ 2010-2011-ին Հայաստանից արտագաղթում էր տարեկան մոտ 40 հազար մարդ և նրանց մեծ մասը գնում էին հենց Ռուսաստան, իմ բացատրությունն այն է, որ նրանք հիմա քաղաքացիություն են ձեռք բերում: Այս թվերին նայելով՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում՝ հաշվի առնելով, որ միտումը շարունակվում է, գրեթե նվազում չենք տեսնում: ՀՀ քաղաքացիների որոշ մասը, մոտավորապես ՀՀ բնակչության մեկ տոկոսը, տարեկան ստանում է ՌԴ քաղաքացիություն: Ընդ որում՝ նրանք կարող է ինչ-որ դեպքերում թաքցնեն, որ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, կամ հակառակը, ՌԴ-ում թաքցնեն, որ ՀՀ քաղաքացիություն ունեն: Ամեն դեպքում կա վտանգ, որ կարող է ստեղծվել, այսպես ասած, մոխրագույն գոտի: Ինչ վերաբերում է արտագաղթին, այստեղ խնդիրն այն է, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ապագայի տեսանկյունից մի քանի ասպեկտում կարևոր է, որ կայուն ժողովրդագրական պատկեր ունենանք: Սոցիալական իրավիճակի պահպանություն, տնտեսական աճի ապահովում և կայունություն, նաև ժողովրդագրական կառուցվածքի խնդիր կա, որովհետև ոչ բոլորն են արտագաղթում, այլ հիմնականում միջին և միջինից երիտասարդ մարդիկ, ավելի շատ տղամարդիկ: Այսինքն՝ նաև ամուսնական շուկայում շեղումներ ունենք: Բացի դրանից, գիտեք, որ բանակն է ունենում խնդիրներ, նաև ծնելիության հետ կապված խնդիր կա, որովհետև շատերը, որ կարող էին երեխա ունենալ Հայաստանում, արտագաղթում են և երեխաներ ունենում արտերկրում, կամ ամուսնությունը հետաձգվում է մի քանի տարով, քանի որ նրանք նախ պետք է ինտեգրվեն նոր  հասարակության մեջ, ինչը կարող է մի քանի տարի տևել: Արդյոք դա կանխարգելելու տարբերակներ քննարկվում են: Խոսվում է հայրենադարձության մասին օրենքի մասին, ներգաղթ ապահովելու մասին, որքանո՞վ այս նախագծերը կարող են կենսունակ լինել: Որոշ քայլեր նկատվում են, բայց այստեղ պետք է մի բան հասկանանք, որ ամեն չէ, որ կախված է իշխանությունից, որովհետև ամեն դեպքում, եթե մի երկրում ավելի շատ են տնտեսական հնարավորությունները, քան մյուսում, հավանականությունը, որ մարդիկ կարտագաղթեն այդ ուղղությամբ, բավականին մեծ է: Ամեն դեպքում, վերջին երկու տարում մենք տեսնում ենք դրական միտումներ, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից: Բացի այդ, մենք տեսանք, որ սահմանահատումների սալդոն դրական է եղել 2018-ին: Եթե դիտարկենք այն գործոնները, որոնք ազդում են միգրացիայի վրա և փորձենք մեկ կարևոր գործոնը առանձնացնենք, գործազրկությունն է և զբաղվածությունը: Այսինքն՝ եթե կառավարությունը ցանկանում է արտագաղթը կանխարգելել, պետք է այդ ուղղությամբ շատ աշխատանք տանի: Այստեղ մենք տեսնում ենք որոշակի առաջընթաց, բայց նույն ոլորտում մենք հետընթաց ենք ունենում: Խոսքը գյուղատնտեսության մասին է, որը ուշադրության պակաս ունի և որոշակի կարիք ունի ավելի լավ մշակված քաղաքականության, ներդրումների, որովհետև շատ հաճախ համարվում է, որ գյուղատնտեսությունը քիչ եկամտաբեր է, բայց Հայաստանը գյուղատնտեսական շատ մեծ ներուժ ունի: Քանի որ գյուղերում ապրում է մոտ մեկ մլն մարդ, հետևաբար, այս ոլորտով շատ լուրջ պետք է զբաղվել: Բացի այդ, Հայաստանը պետք է զբաղվի մարդկանց ինտեգրմամբ, ընդ որում՝ ոչ միայն հայերի: Անգամ հայերի պարագայում շատերը ծնված լինելով ոչ Հայաստանում, հնարավոր է անգամ լեզվին չտիրապետեն, ուստի ինտեգրման հարցին պետք է ուշադրություն դարձնել, այդ թվում՝ բիզնեսի տեսանկյունը հաշվի առնելով: Նաև մի կարևոր հարց կա. մենք հիմա տեսնում ենք, որ ներգաղթի քաղաքականություն է ընթանում, բայց եթե մենք առանձնացնենք, թե որոնք կարող են լինել միգրացիայի աղբյուր, ապա կտեսնենք, որ հիմա ապակայունացվել է Մերձավոր Արևելքը և դա երկարատև է: Մերձավոր Արևելքը մոտավորապես 45 տարի անկայուն է, բայց այդ անկայունությունը դեռ երկար կպահպանվի: Մենք այդտեղ տեսնում ենք ամենախոցելի խմբերին՝ հայեր, եզդիներ և այլն: Եվ մենք կարող ենք այս ուղղությամբ էլ աշխատել, որպեսզի հնարավորություն տանք ընդգրկվել միգրացիոն քաղաքականության մեջ և նրանց ապաստան կամ ուղղակի ներգաղթելու հնարավորություն տանք: Եվ պետք է աշխատել մարդկանց  բիզնեսով զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունները բարձրացնել: Կառավարությունը չի կարող բոլորի համար աշխատատեղեր ստեղծի, բայց կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցի, կարող է նախաձեռնողական քայլեր անի, քարտեզագրի ամբողջ բիզնես դաշտը և ուսումնասիրի, թե որտեղ կան հնարավորություններ բիզնեսներ բացելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
24-01-2020 23:33