Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը

24-01-2020 23:53

Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել է շուրջ երեք հազար տարի առաջ: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մումիայի մոտ լավ պահպանվել են ձայնալարերը եւ կոկորդը: Համակարգչային շերտագրիչի միջոցով ինժեներները կազմել են հանգուցյալ քրմի խոսքի գործարանների եռաչափ մոդելը եւ այն տպել 3D-տպիչով: Այն միացրել են արհեստական կոկորդի եւ բարձախոսի եւ ձայնագրել ստացված ձայնը. «ա»-ի եւ «է»-ի միջեւ ինչ-որ միջին ձայն: Տեսագրության մեջ այդ ձայնը կարելի է լսել 30-րդ վայրկյանին: Նեսյամունն ամենահայտնի եւ լավ պահպանված մումիաներից մեկն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի տարածքում (Լիդսի թանգարանում): Քրմի աճյունով սարգոֆագը գտել են Եգիպտոսում Ամոն աստծու տաճարի պեղումների ժամանակ: Հոգեւորականն ապրել է Ռամզես XI-ի ժամանակներում եւ մահացել մոտավորապես 50 տարեկան հասակում: Նրա սարկոֆագի վրա գրված է խնդրանք աստվածներին՝ իրեն վերադարձնել խոսելու ձիրքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
24-01-2020 23:53