Հրայր Թովմասյանի անսպասելի խոստովանությունը. անելանելի վիճակ

Մի օր մի որեւէ դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար, սա գուցե իմ խաչն է, եթե կուզեք, նախօրեին ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իր տան խուզարկությունից հետո խոսելով լրագրողների հետ: Խուզարկությունն արել էր ՀՔԾ-ն՝ նոտարական գրասենյակների վերաբերյալ քրգործի շրջանակում, որով մեղադրանք է ներկայացված Հրայր Թովմասյանին: Մի օր որեւէ մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար: «Եվ այդ դատավորը ես եմ», ասել է Հրայր Թովմասյանը: Թե ինչ նկատի ունի նա «մի օր» ասելով, գուցե ինքը մեկնաբանի: Այսինքն, նա օրերը հաշվում է հեղափոխությունից հետո՞, թե՞ «մեր թվարկությունից առաջ», այսինքն նաեւ մինչեւ հեղափոխությունը: Համենայն դեպս, եթե Հրայր Թովմասյանը համարի, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանում եղել է դատական անկախ համակարգ, այսինքն չի եղել դատավորների անկախության էական խնդիր, ապա նրա ներկայիս պայքարը կդառնա ամբողջապես անլուրջ: Եթե ՍԴ նախագահն իր այդ նշանային հայտարարությամբ փորձում է լուրջ խոսել, ապա նա անխոս պետք է «մի օր» ասելով նկատի ունենար նաեւ այն օրերը, երբ ինքն էլ իշխանության ներկայացուցիչ էր, երբ ինքն էլ պատասխանատու էր արդարադատության համակարգի համար եւ թերեւս այդ դիրքում ամենից լավ էր զգում խնդիրները, որ կային այդ համակարգում դատավորների անկախության առնչությամբ: Բայց Թովմասյանի հայտարարության խորքը թերեւս շատ ավելի տպավորիչ է, եթե առաջնորդվում ենք նրա հայտարարության լրջության կանխավարկածի հանդեպ միարժեք հարգանքով: ՍԴ նախագահն անշուշտ հիանալի է հասկանում, որ դատավորի անկախությունը միայն իշխանության հանդեպ հարաբերությամբ չափվող երեւույթ չէ, այլ չափվում է ընդհանրապես որեւէ այլ սուբյեկտի հանդեպ հարաբերությամբ: Այլ կերպ ասած, եթե պայքարը դատավորի անկախության համար է, ապա այն պետք է ներառի նաեւ պայքար նախկին իշխող համակարգից անկախության համար: Ավելին, իշխանության հետ անկախության համար պայքարում հաջողության, ու նաեւ հանրային որոշակի ընկալման բարդագույն խնդիրը լուծելու համար Հրայր Թովմասյանն ուղղակի պարտադրված է պայքարել նաեւ նախկին իշխող համակարգից անկախության եւ այդ անկախությունը հանրությանը համոզիչ ներկայացնելու համար: Այլ կերպ ասած, Հրայր Թովմասյանը խոսում է իր համար իսկապես բարդ խնդրի մասին՝ լինել անկախ այն մարդկանցից, որոնք ներկայում դիրքավորվել են նրա պաշտպանության դիրքում, իսկ իրեն էլ փաստացի վերածել նախկին իշխող համակարգի մահապարտի: ՍԴ նախագահը լրագրողների հետ զրույցում գործնականում բարձրացրել է իր այդ խնդիրը, երբ թվացյալ անմնացորդ պաշտպանությունը պաշտպանյալին դնում է առավել անելանելի վիճակում, քան կլիներ դրա բացակայության պարագայում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-01-2020 00:14