Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

25-01-2020 00:23

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: «2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով, 2017-ի համեմատ 635 միլիոն դոլարով, կամ 41 տոկոսով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8 տոկոսով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը»,- ասաց վարչապետը: Անդրադառնալով կառավարության կողմից 2019թ. գերակա ոլորտում տրված ներդրումային արտոնություններին, Փաշինյանը նշեց, որ հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով: «Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3,320 աշխատատեղ: 2018-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 մլրդ դրամ ներդրումային արժեքով և 3283 ակնկալվող աշխատատեղով»,- նշեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ընդհանուր ներդրումային արժեքի աճը կազմել է գրեթե 10 տոկոս:

Lragir.am,
25-01-2020 00:23