Ալիեւը պետք է գնա. Հայաստանի վարչապետի էական հայտարարությունը

Ռեգիոնալ անվտանգության ու կայունության առանցքային պատասխանատվությունն անձնապես Հայաստանի վարչապետի, Արցախի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի վրա է, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով փետրվարին Մյունխենի անվտանգության միջազգային կոնֆերանսում Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին: Հայաստանի վարչապետի խոսքով, դրա մասին որեւէ պայմանավորվածություն չկա, սակայն ինքը դեմ չէ օգտագործել շփումների այդ առիթները: Փաշինյանը միաժամանակ նշել է, որ դրանք որեւէ կոնկրետ փաստաթղթի շուրջ քննարկում չեն, այլ խոսակցություն ավելի առարկայական բանակցության մոտենալու շուրջ: Ըստ Փաշինյանի` ռեգիոնալ կայունության ու անվտանգության այդ անձնային անմիջական պատասխանատվությունը բավական բարդ է, բայց ո՞վ է ասել, որ նախագահի կամ վարչապետի գործը դյուրին է: Հայաստանի վարչապետի հայտարարությունը գործնականում այն մասին է, որ Ադրբեջանի նախագահը գալիս է կամ խաղաղության մասին խոսելու, կամ նա ի վիճակի չէ կրել ռեգիոնալ անվտանգության ու կայունության իր բաժինն ու պետք է հեռանա: Ադրբեջանում, ի դեպ, գործնականում ստեղծված է ներքաղաքական մի իրավիճակ, որը շատերին է թույլ տալիս դիտարկել Ալիեւի հեռանալու սցենար: Ադրբեջանում շաբաթներ առաջ ցրվեց խորհրդարանը, եւ այժմ նախընտրական արշավ է: Նախընտրական իրողություն է նաեւ Արցախում, որտեղ եւս ձեւավորվելու է նոր խորհրդարան եւ ընտրվելու է նոր նախագահ: Ընտրությունը մարտի 31-ին է: Արցախի քաղաքական հռետորաբանությունը երբեք չի եղել պատերազմական ու այսօր էլ այդպիսին չէ, հետեւաբար Արցախի համապետական ընտրությունը ձեւավորելու է խաղաղության վերաբերյալ բանակցություն վարող նոր իշխանություն: Ի՞նչ իշխանություն է լինելու Ադրբեջանում: Ալիեւի համար պատերազմից խաղաղության անցնելը չափազանց բարդ է, քանի որ նա իր իշխանության հիմքը դարձրել էր հենց պատերազմը, հայերի հանդեպ հաղթանակի սպասում ձեւավորելն ու հայատյացությունը: Այլ կերպ ասած, Ադբեջանի նախագահն իր իշխանության այդ բազայով ոչ թե անվտանգության ու կայունության պատասխանատու է, այլ սպառնալիք: Հայաստանի վարչապետն ընդգծում է այդ հանգամանքը, գործնականում ազդարարելով, որ Ալիեւի հեռանալը ռեգիոնալ անվտանգության ու կայունության անհրաժեշտություն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-01-2020 15:38