Եթե «Սորոսի գրասենյակը» վտանգ էր, ինչու՞ չեք փակել. Փաշինյանը՝ նախկին իշխանությանը

25-01-2020 15:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր Իրավունք թերթի լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ վարչապետը  չի զսպում «սորոսականների ակտիվությունը»՝ նշելով, որ Հայաստանում «բարձրաստիճան սորոսական պաշտոնյաներ կան»: «Իսկ ի՞նչ է նշանակում սորոսական, մի հատ բացատրեք»,- հարցադրում արեց վարչապետը: Նա նշեց, որ Բաց հասարակության հիմնադրամը գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներ, այդ թվում՝ այն իշխանության ժամանակ, որի «կարկառուն ներկայացուցիչ է եղել Իրավունք թերթի հիմնադիրը»: Փաշինյանի խոսքով, եթե այդ կազմակերպությունը վտանգ էր ներկայացնում, ինչու՞ նախկին իշխանությունները չեն փակել: «Ինչո՞ւ չեք փակել այդ հիմնադրամը: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են եղել, կամ նրանց շրջապատի մարդիկ են, ինչո՞ւ չեք փակել: Այսինքն՝ դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել, որ 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն: Ուրեմն նախ կսկսենք ձեզանից, դուք հիմա կանգնեք և Հայաստանի ժողովրդին բացատրություններ տվեք՝ բոլոր հանրապետականները, նախկինում ոստիկանությունում, պետական կառավարաման համակարգում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ, կանգնեք, բացատրություն տվեք՝ երբ որ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները: Ի՞նչ է նշանակում սորոսական, ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ քաղաքացու հասցեին այդպիսի բան ասեն քամահրական կամ արհամարհական, որովհետև բոլոր նրանք, ովքեր դա ասում են, կոռումպացված հանրապետականներ են: Նրանք պետական դավաճաններ են, ովքեր այդ դավաճանական կառույցին թույլ են տվել ՀՀ-ում հիմնադրվել, գործունեություն ծավալել: Ուրեմն եկեք հետաքննություն սկսենք, թե էդ մարդկանցից քանիսն ա գրանտ ստացել էդ կազմակերպություններից, ինչքան են սնվել: Եկեք սկսենք և բացենք էդ խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ նախկին իշխանութունները չունեն սրբություն, ուրեմն իրենց թույլ են տվել այդ հիմնադրամները Հայաստանում բացվեն, որպեսզի միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն իրենց թալանի նկատմամբ:

Lragir.am,
25-01-2020 15:38