Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը

25-01-2020 16:38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի, սակայն այդ հնարավորությունը չի բացառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց Կապանում իր ասուլիսում ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Մյունխենում, որտեղ համաժողովին պետք է մասնակցի նաև Իլհամ Ալիևը, պլանավորված է հանդիպում: «Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,-ասաց վարչապետը: Այսինքն՝ եթե լինի առիթ՝ խոսելու, քննարկելու, Փաշինյանը կարծում է, որ դա վնասակար չէ, օգտակար է: Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 14-16-ը:

Lragir.am,
25-01-2020 16:38