Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար 16-18 հարկանի շենք կկառուցվի

25-01-2020 17:32

Երևան քաղաքի բյուջեի 2019թ. տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչները: Այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: «2020թ. Երևանի քաղաքապետարանը սկսում է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիրը: Ըստ այդմ, 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչներ: Այդ հինգհարկանի շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս մոդելով քաղաքապետարանը մտադիր է առաջիկա տարիներին լուծել Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը:

Lragir.am,
25-01-2020 17:32