Կառավարությունը նախատեսում է սկսել Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը

25-01-2020 18:11

ՀՀ կառավարությունը նախատեսում է շուտով սկսել Սյունիքի մարզում գտնվող Կավարտի մետաղական հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքը: Այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Մեր վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով մենք կսկսենք Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները: Այսինքն` հանքը կփակվի և այդ տարածքը լիարժեք կվերադառնա բնությանը»,- ասաց Փաշինյանը: Մինչև 1950-ական թթ. Կավարտի հանքը շահագործվել է որպես փակ հանք, իսկ մինչև 1985թ. շահագործվել որպես բաց հանք: Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին: Հետագայում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը: Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել այն:

Lragir.am,
25-01-2020 18:11