«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվեց Շիրակում

25-01-2020 17:51

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը  քննարկման  է ներկայացվում մարզերում: Հունվարի 25-ին «Շիրակի» պետական համալսարանի  ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ, «Շիրակի» համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նախագծի քննարկումը՝ Շիրակի մարզի բարձրագույն  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծի հեղինակները պատասխանելով ներկաների հարցերին՝ անդրադարձան նախագծում առկա որոշ դրույթների ու փոփոխությունների: Նախագծին առնչվող որոշ հարցեր գրավոր կներկայացվեն նախարարություն՝ նախագծի հետագա լրամշակման համար: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար: Օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը: Ներկայացնելով օրենքի նախագծի անհրաժեշտությունը նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախագծում առկա փոփոխությունները մեծ թվով մարդկանց են առնչվում, և շատ մեծ թվով մարդիկ չեն ուզում փոխվել, քանի որ ընտելացել են այդ վիճակին: Մենք դա  հասկանում ենք, բայց նաև հասկանում ենք, որ այսպես չենք կարող շարունակվել՝ սա մեծ խնդիր է: Մենք պետք է առավելություն տանք աշխատողին»,-նշեց նախարարը: Հանդիպման ընթացքում «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանը նախարարին հարցրեց՝ արդյո՞ք նախագծում ներկայացված բավական դրական փոփոխությունները դրական արդյունքների կհանգեն, քանի դեռ անցյալի իրավական ու քաղաքական գնահատական չի տրվել: «Այն բոլոր մարդիկ, ովքեր աշխատել են բուհերում ու մեղմ ասած իրականացրել են հակակրթական գործունեություն՝  քաղաքականացնելով բուհերը, շարունակում են աշխատել: Նման օրինակներ կան նաև Շիրակի պետական համալսարանում: Ի վերջո` մենք առերեսվելու ենք  ճշմարտության հետ»: Գևորգ Ղուկասյանի հաջորդ  հարցը կապված էր բուհերի ուսանողական խորհուրդների և Շիրակի մայր բուհում առկա խնդիրներին: «Այսօր ձևավորվել է մի իշխանություն, որն իրավական առումով գնահատական է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր օրենք են խախտել: Կրթության ոլորտում մի քանի հարյուր քրեական գործ կա հարուցված: Մենք գոհ չենք այն տեմպերից, որով քննություն է իրականացվում, բայց դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ես կարծում եմ, որ միջնաժամկետ կտրվածքով բոլոր այդ գործերը քննվելու են, ավարտվելու և գնահատականը դրանով տրվելու է, բայց բուհերի ներսում խմբերն իրենք պետք է գնահատական տան այդ մարդկանց և մերժեն նրանց»,-նշեց նախարարը՝ բուհերի ուսանողական խորհուրդներին խորհուրդ տալով հետևողական ու առաջադեմ լինել: «Այն օրենքը, որ այսօր կա, թույլ է տալիս ուսանողական խմբերին կազմակերպվել և հեղափոխություններ անել իրենց բուհերում: Ես հասկանում եմ, որ ուսանողական համայնքը իներցիոն պրոցեսների մեջ է, բայց այդ համայնքները լրացուցիչ ջանքեր պետք է տանեն այդ ուղղությամբ, որպեսզի համոզեն մյուսներին, որ այս փոփոխություններն ու  հեղափոխությունները շատ կարևոր են »,-նշեց նախարարը:

Lragir.am,
25-01-2020 17:51