Հայկ Խանումյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին

25-01-2020 21:11

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հայկ Խանումյանն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Խանումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված հարցին` ընդունելի է ինձ/մեզ համար Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, թե ոչ, նշեմ. Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին: Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը: ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել:

Lragir.am,
25-01-2020 21:11