Նիկոլ Փաշինյանը «փակեց» մադրիդյան սկզբունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական մեծ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Արցախի հարցում նախկին իշխանությունից մնացած ժառանգությանը, ներկայացրել որոշակի տեղեկատվություն: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանից ժառանգություն է մնացել փաստաթուղթ, որով բանակցվում է Արցախի առնվազն հինգ շրջանը Ադրբեջանին հանձնելու հանգամանքը, դրա դիմաց Արցախի համար ընդամենը ժամանակավոր կարգավիճակի սահմանումով: Թեեւ Նիկոլ Փաշինյանը հղում է արել լրատվամիջոցի, այդուհանդերձ թերեւս չկար էլ դրա անհրաժեշտությունը, քանի որ 2016 թվականի ընթացքում Սերժ Սարգսյանն ինքն անձամբ բանակցվող այդ բովանդակությունը հանրայնացրել է երկու լրատվամիջոցի՝ նախ Բլումբերգին, հետո ամիսներ անց էլ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցներում: Փաշինյանը հայտարարել է, որ այդ բովանդակության վերաբերյալ դիրքորոշումն ինքն արտահայտել է 2019 թվականի մարտի 12-ին, Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստում: Այդ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ մեկնաբանեն, թե ինչ են ենթադրում մադրիդյան կոչված սկզբունքները, որովհետեւ հակամարտության կողմերը այդ սկզբունքները մեկնաբանում են սեփական հայեցողությամբ: Գործնականում, Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու նախաձեռնությանը զուգահեռ, Երեւանը նաեւ արել է մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունից հրաժարվելու հայտարարություն, առնվազն քանի դեռ չի եղել դրանց մեկնաբանություն համանախագահ եռյակից: Իսկ եռյակի համար միարժեք մեկնաբանությունը չափազանց բարդ է, որովհետեւ մադրիդյան սկզբունքները վերջին հաշվով ունեցել են խորքային մի առանցքային նպատակ՝ լինել ճկուն եւ համանախագահ եռյակին տալ ռեգիոնալ իրողությունների այս կամ այն փոփոխությանն արագ ադապտացվելու եւ արձագանքելու հնարավորություն: Այդ իմաստով, թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը վերցրել է իրավիճակ ստեղծելու նախաձեռնությունն Ադրբեջանից: Բաքվում արագացված ներքին խմորումները զգալի առումով նաեւ Արցախի հարցում նոր իրավիճակ ստեղծելու Հայաստանի նախաձեռնողականության հետեւանք են: Վարչապետ Փաշինյանը նախկին իշխանությունից մնացած ժառանգության հանգամանքը դրել է նաեւ Արցախի նախագահի թեկնածուների առաջ, Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրության բովանդակության մեջ առաջ քաշելով այդ կարեւորագույն հարցը: Այդ քայլով դրվում է նաեւ Արցախի նոր իշխանության սուբյեկտության որոշակի հիմք, անկախ նրանից, թե ինչպիսի արդյունքով կավարտվի այդ իշխանության ձեւավորումը: Այդ հիմքը թերեւս առավել կամբողջացնի Արցախի հարցը մադրիդյան սկզբունքներից դուրս բերելու հայկական գործիքակազմը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-01-2020 22:41