Երուսաղեմի սրբազան հողը կարող է ՀՀ-ի և հայ հոգևոր մշակույթի ճանաչման կամուրջ դառնալ. Արմեն​ Սարգսյան

26-01-2020 00:06

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար: Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա: Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն և Կաթոլիկ եկեղեցիները: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահին և տիկնոջը դիմավորել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, հայ հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ: Նախագահ Սարգսյանը և Նունե Սարգսյանը շրջել են տաճարում, եղել սրբավայրերում, մոմ վառել, աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների հետ: Հայ հոգևորականների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային, հոգևոր արժեքներ ունի այս հողում, և կարիք կա այդ ամենը շատ ավելի լավ ցուցադրելու և՛ Երուսաղեմի այցելուներին, և՛ աշխարհին՝ ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը կարող են կամուրջ դառնալ, որ այն մարդիկ, ովքեր այցելում են այստեղ, նաև Երուսաղեմի միջոցով ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները:

Lragir.am,
26-01-2020 00:06