10 փաստ, որի մասին չի խոսվել

26-01-2020 13:20

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստը, առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին անդրադարձ չի կատարվել: 5% տնտեսական աճի մեջ առյուծի մասը բաժին է ընկել առևտրի ու ծառայությունների ոլորտին, որին նպաստել են վարկավորման ծավալների աճը, ֆինանսական (ներառյալ ապահովագրական), բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը: Ի հեճուկս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների, ոլորտի ցուցանիշները տպավորիչ չեն: 2019թ.-ի 9 ամիսների տվյալներով գյուղատնտեսության ոլորտում8% նվազում է գրանցվել, մասնավորապես անասնաբուծության ոլորտում անկումը կազմել է 2.2%, իսկ բուսաբուծության ոլորտում՝ 7%: Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված վճարային հաշվեկշռի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներն 2019թ.-ի առաջին 9 ամիսներին նվազել են՝ կազմելով7 մլն ԱՄՆ դոլար: Ավելին, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը (ստացումների և մարումների տարբերություն) կրճատվել են շուրջ 47%-ով` կազմելով 32.6 մլրդ դրամ: Պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվել են շուրջ 223 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը՝ ավելի քան 60%-ով: Կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում կատարվող կապիտալ ներդրումներ են` ստեղծելով նախադրյալներ երկարաժամկետ տնտեսական աճի համար: 2019թ.-ին պետական բյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել: Թեև արտահանման դրական միտումներ են արձանագրվել, այնուհանդերձ 2019թ.-ի հունվար-սեպտեմբերին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 7.7%` շեղվելով իր երկարաժամկետ կայուն 6.9% մակարդակից: ՀՀ պետական պարտքը 2019թ.-ի ընթացքում աճել է շուրջ 6%-ով կամ 402 մլն դոլարով: Թեև 2018թ.-ի ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է 2017թ.-ի համեմատ 2.2%-ային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, այնուհանդերձ խորացել է բնակչության բևեռացումն՝ ըստ սպառման և եկամուտների հավասարության (Ջինիի գործակից): 2020թ.-ից գործող համահարթ եկամտային հարկը կնպաստի անհավասարության խորացմանը: Գնաճը շեղվել է իր թիրախային նպատակային ցուցանիշից: 2019թ.-ի ցածր գնաճային միջավայրը պայմանավորված է համախառն պահանջարկի նվազման և մարդկանց գնողունակության անկման հետ, որը կարգավորելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը անցյալ տարվա սեպտեմբերին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ային կետով՝ փորձելով խթանել տնտեսական ակտիվությունը: Եվ վերջապես ուշագրավ է, որ 2020թ.-ի պետական բյուջեի ծախսային ուղղությունները դիտարկելիս յուրաքանչյուր ոլորտի համար հիմք են հանդիսացել 2017- 2019թթ.-ի համեմատականը: Բացառություն է կազմում միայն պաշտպանության ոլորտը, որտեղ 2019թ.-ի հետ համեմատություն չի կատարվել: Թերևս այն պատճառով, որ 2020թ.-ի աճող բյուջեում ոլորտին հատկացվող ծախսերը 2019թ.-ի համեմատ ոչ թե ավելացել, այլ նվազել են շուրջ 3 մլրդ դրամով:

Lragir.am,
26-01-2020 13:20