Պուտինի շնորհիվ Էրդողանը ձեռք կբերի միջուկային զենք, փոխարենը Էրդողանը Թուրքիան դուրս կբերի ՆԱՏՕ-ից

26-01-2020 13:28

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Երևանը դեռ նախորդ տարի նախաձեռնել էր, որ այս տարվա հունվարին տեղի կունենա Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ վեհաժողով: Որքանո՞վ է իրատեսական, որ այն կկայանա, և ի՞նչ կարելի է սպասել նման վեհաժողովից: Ես տեղեկություններ չունեմ, թե արդյոք հունվարին տեղի կունենա այդ վեհաժողովը, թե ոչ: Իրատեսական համարում եմ, որ այն կայանալու է և մեծ հաշվով այնքան էլ էական չէ, թե ընթացիկ տարվա որ ամսին: Ներկայում Հունաստանի (նաև Կիպրոսի) ու Թուրքիայի փոխհարաբերությունները բավական սրվել են, և միգուցե հունական կողմի այդ զբաղվածությունը մի փոքր հետաձգի եռակողմ հանդիպումը: Այս եռակողմ ձևաչափը համարում եմ բավական կարևոր՝ հատկապես հաշվի առնելով, որ այն նախաձեռնել է Հայաստանը: Բացի այդ, սա կարող է դառնալ նախադեպ, որպեսզի Հայաստանը տարածաշրջանային մյուս երկրների մասնակցությամբ էլ ձևավորի եռակողմ կամ քառակողմ ձևաչափեր: Առաջիկա վեհաժողովում թերևս բացի երկկողմ հարաբերությունները խորացնելու թեմայից, կքննարկվի նաև իրավական ճանապարհով Թուրքիային հակազդելու հարցը: Երեք երկրներն էլ, գիտակցելով, որ ռազմական պլանում զիջում են Թուրքիային, ունեն իրավական ճանապարհով Թուրքիային առնչվող հարցեր լուծելու հնարավորություն: Ես համարում եմ, որ Թուրքիային հակազդելու հարցում իրավական ճանապարհը երեք երկրների ամենաուժեղ և նախընտրելի կողմն է: Երեք երկրները, միավորելով իրենց ջանքերը, կարող են մեծացնել սեփական կշիռը, նժարը տարածաշրջանային համատեքստում և ընդհանրապես: Վերջերս Թուրքիայում Բարձր խորհրդատվական խորհրդի նիստից հետո նախագահի աշխատակազմի հանրային կապի ծառայության պատասխանատուն հայտարարել էր, թե «որոշ շրջանակներ Թուրքիան պառակտելու համար առաջ են քաշում 1915-ի դեպքերի վերաբերյալ հայկական մոտեցումներն ու պնդումները»: Փաստորեն Անկարան խոստովանում է, որ հայկական հարցն ունակ է ընդհուպ պառակտել Թուրքիան: Կա՞ նման սպառնալիք Թուրքիայի համար, թե դա չափազանցված է և այլ նպատակներ է հետապնդում: Ներկա փուլում սին եմ համարում նման պնդումները, թե Հայկական հարցն ունակ է պառակտել Թուրքիան: Կարծում եմ, որ նման պնդումը փորձում են պայմանավորել Հայոց ցեղասպանության հարցում Էրդողանի դիրքորոշման աննախադեպ կոշտացմամբ: Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցում հանդես է գալիս շատ ավելի կոշտ դիրքերից, իսկ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումից հետո այդ դիրքորոշումն է՛լ ավելի է կոշտանալու և հակազդեցությունն ավելի մեծ թափ է հավաքելու: 2010-ականներից նեոօսմանիզմի քաղաքականություն վարող և իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու հակումներով Էրդողանի դիրքորոշման այս փոփոխումը կարելի էր սպասելի համարել․ նախ Թուրքիայում տեսել են, որ եթե Հայոց ցեղասպանության հարցում որդեգրում են համեմատաբար մեղմ դիրքորոշում, ապա միևնույն է, դա որևէ բան չի փոխում, և մյուս երկրները շարունակում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, չմոռանանք, որ Էրդողանն օսմանյան անցյալի ջատագով է, ինչը վկայում է, որ նա չի ճանաչի օսմանների իրականացրած ցեղասպանությունները (եթե Հայոց ցեղասպանության իրագործումը վերագրվեր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որի հետ Էրդողանը հեռակա մրցակցության մեջ է, ապա իրավիճակը մի փոքր այլ կլիներ): Եվ վերջապես, դեռևս տարիներ առաջ Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ Էրդողանը հայտարարել էր, որ մուսուլմանը (և ոչ թե պարզապես թուրքը) «ի վիճակի չէ» իրականացնել ցեղասպանություն: Հետևաբար անիրատեսական եմ համարում Էրդողանից Հայոց ցեղասպանության ճանաչում երբևէ ակնկալելը (առավել ևս եթե դա տեղի չի ունեցել 2000-ականներին, երբ ներքին ու արտաքին ճակատներում Էրդողանի դիրքերն ամուր չէին և նա համեմատաբար մեղմ դիրքորոշում ուներ շատ հարցերում): Ինչո՞վ է պայմանավորված, որ վերջերս թուրքական դատարանը փոխեց հայազգի Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավճիռը՝ խստացնելով պատիժը: Իմ կարծիքով՝ այս հարցում հիմնական պատճառն այն է, որ 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում վերացվեցին ռազմական դատարանները, և քաղաքացիական դատարանը Բալըքչըի մարդասպանի նկատմամբ կիրառեց շատ ավելի խիստ պատիժ: Այսինքն՝ քաղաքացիական դատարանը նման հարցերում գործում է ավելի անկաշկանդ, մինչդեռ ռազմական դատարանին ձեռնտու է կոծկել բանակում տիրող մթնոլորտը, միտումնավոր սպանությունը ներկայացնել որպես «զենքի հետ անզգուշաբար վարվել»: Այստեղ հարկ է արժանին մատուցել նաև Սևակի ընտանիքին, որը չհանձնվեց, պայքարեց մինչև վերջ և հասավ նրան, որ մարդասպանի բանտարկության ժամկետն ավելացվեց ավելի քան 12 տարով: Կա տեսակետ, որ թեև վերջին շրջանում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լարվել էին, որի արդյունք էր նաև Հայոց ցեղասպանության մասին Սենատի և Ներկայացուցիչների պալատի բանաձեւերը, սակայն ճգնաժամը կարծես անցել է, և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հարթման փուլում են: Կիսո՞ւմ եք այս տեսակետը: Ճգնաժամը չի անցել, ամերիկյան սպառնալիքները դամոկլյան սրի պես դեռ կախված են Թուրքիայի գլխին և ժամանակի ընթացքում այդ սուրն ավելի է իջնելու: Քանի որ ակնկալում եմ, որ Էրդողանը հնարավորինս հետքայլ չի անելու ռուսական S-400 համակարգերի հարցում, ուստի և կանխատեսում եմ թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացում: Ներկայում միայն ժամանակավոր «հրադադար» է: Ավելի վաղ նշել եմ, որ Էրդողանն այդ համակարգերը գնել է առաջին հերթին անձնական (և ոչ թե երկրի պետական) նկատառումներից ելնելով՝ հնարավոր նոր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ իր նստավայրը խռովարարների ավիացիայից պաշտպանելու համար: Իսկ եթե հարցը վերաբերում է Էրդողանի անձնական շահերին, ապա Թուրքիայի նախագահը նման դեպքերում համառում է մինչև վերջ՝ ձգտելով չանել որևէ հետքայլ: Մինչև ո՞ւր կարող է հասնել Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը, և դա ի՞նչ մարտահրավերներ ու վտանգներ է պարունակում մեզ համար: Ի վերջո, այդ մերձեցումը մեզ համար դրակա՞ն է, թե բացասական: Ես կասեի, թե մինչև ուր կարող է հասնել Պուտին-Էրդողան մերձեցումը, քանի որ առաջին հերթին հենց այս երկու անձերի շնորհիվ է հնարավոր դարձել այդ մերձեցումը, իսկ ժամանակի ընթացքում, երբ նրանք հեռացած կլինեն իրենց երկրների ղեկավարների պաշտոնից, ապա Ռուսաստան-Թուրքիա ավանդական մրցակցային/հակառակորդ հարաբերությունները կվերադառնան իրենց հուն: Մի շարք դեպքերում թե՛ Էրդողանը, թե՛ Պուտինը առաջնորդվում են իրենց անձնական և ոչ թե իրենց երկրների պետական շահերով, ինչն էլ հնարավոր է դարձրել նման մերձեցումը: Իսկ մինչև ուր կարող է հասնել այդ մերձեցումը, իմ կարծիքով գագաթնակետը կարող է լինել հետևյալը․ Պուտինի շնորհիվ Էրդողանը ձեռք կբերի միջուկային զենք, փոխարենը Էրդողանը Թուրքիան դուրս կբերի ՆԱՏՕ-ից: Էրդողանի բազմակի քայլերի պատճառով Թուրքիան վերջին շրջանում դարձել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամը, և պատահական չէ, որ Պուտինի ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա: ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը շատ հարցերում սահմանափակում է Էրդողանի գործողությունները, սակայն, մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը (հավաքական պաշտպանության մասին) շատ կարևոր է Էրդողանի համար (հենց դրա շնորհիվ Էրդողանը փրկվեց 2015թ․ նոյեմբերին ռուսական ինքնաթիռը կործանելու համար շատ ավելի լուրջ հետևանքներ ստանալուց): Մինչդեռ եթե Էրդողանն ունենա միջուկային զենք, ապա այլևս չի զգա ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կարիքը, Թուրքիան թերևս դուրս կբերի ՆԱՏՕ-ի կազմից և արտաքին քաղաքական հարցերում կստանա շատ ավելի մեծ ինքնուրույնություն: Դրանով կյանքի կկոչվի նաև Պուտինի երազանքը, ով 20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ է որակել ԽՍՀՄ-ի փլուզումը և երազում է ՆԱՏՕ-ի մասնատման գործընթաց սկսելու տեսքով պատասխան հարված հասցնելու մասին: Պուտին-Էրդողան մերձեցումը բավական մեծ ռիսկեր է առաջացնում Հայաստանի համար, քանի որ Պուտինի համար և ընդհանրապես Թուրքիայի նժարը շատ ավելի ծանր է, քան՝ Հայաստանի նժարը: Եվ եթե Էրդողանը Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս բերելու (կամ Պուտինի համար մեկ այլ կարևոր քայլի) դիմաց ինչ-որ բան պահանջի նաև Հարավային Կովկասում, Պուտինը, ըստ ամենայնի, «կանաչ լույս» կվառի դրա դիմաց:

Lragir.am,
26-01-2020 13:28