Երուսաղեմում մեր ստեղծածը նաև համաշխարհային մշակույթինն է. նախագահը՝ Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում

26-01-2020 14:16

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է, որ հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց վանքի ձեռագրատունը, որտեղ շուրջ երեք հազար ձեռագիր մատյան է պահվում: Դա Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից հետո երկրորդ ամենամեծ հավաքածուն է: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գործունեության մասին: Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում: Այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երուսաղեմի կրոնական տարբեր համայնքների ղեկավարներ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ Ձեր ներկայությունն այս փառավոր և նվիրական աթոռում: Մեր ոգևորությունը մեծ է Ձեր պատվաբեր այցելությամբ: Մաղթում ենք, որ մեր պետության կապերն ավելի զորանան մեր Սուրբ աթոռի հետ, որովհետև բազմահազար օտար այցելուներ առաջին անգամ այս պատրիարքարանում են լսում հայի անունը, ծանոթանում հայության և մեր հոգևոր-մշակութային արժեքների հետ»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Սուրբ Հակոբեանց եկեղեցի և աղոթել: «Աղոթել մեր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Արցախի, նրանց ամրության և մեր աշխարհասփյուռ հայրենակիցների, իմ ընտանիքի համար,-ասել է նախագահը: -Մենք փոքր պետություն ենք, բայց՝ մեծ ազգ: Մեծ ենք ոչ միայն մեր թվով, այլ նաև մեր պատմությամբ, համաշխարհային մշակույթի մեջ ունեցած մեր ներդրումով: Աշխարհի տարբեր կենտրոններ այցելելիս միշտ գտնում ես մեր հայ մեծության ապացույցները՝ լինի դա Իտալիայում, Վենետիկում, թե Փարիզում, Լոնդոնում, Միացյալ Նահանգներում, Միջին Արևելքում: Սակայն Երուսաղեմն առանձանահատուկ է նախ և առաջ իր յուրօրինակ և տարբերվող պատմությամբ: Աշխարհի տարբեր վայրերից մարդիկ այցելելով Երուսաղեմ՝ ծանոթանում են նաև մեր ժողովրդի պատմության, կրոնի և մեր մշակույթի հետ: Երուսաղեմը կարծես թե տարածքային և ժամանակային դարպաս է դեպի Հայաստան, որովհետև ծանոթանալով մեր մշակույթին, մեր եկեղեցուն Երուսաղեմում, բնականաբար, հաջորդ քայլն է՝ այցելել Հայաստան, ճանաչել մեր ժողովրդին կամ այն երկրներում, որտեղից իրենք եկել են, գտնել հայերի: Եթե Պորտուգալիայից են՝ անպայման գտնեն այն հսկայական ներդրումը, որ Գալուստ Գյուլբենկյանը բերել է այդ երկրին և այդ երկրի մշակույթին՝ հիմնելով իր հիմնադրամը և թանգարանը, որը յուրօրինակ է և միակը Պորտուգալիայում, մի ընտանիքի, որն իր հետքն է թողել նաև այստեղ՝ Երուսաղեմում: Հայությունը, լինելով աշխարհասփյուռ, նաև աշխարհակենտրոն մշակույթ ունի, և այդ համատեքստում, Երուսաղեմն առանձին նշանակություն ունի: Կարծում եմ, մենք պետք է համատեղ աշխատենք, որ կարողանանք ներկայացնել մեր ազգը, պատմությունը և հատկապես մեր մշակույթը: Դուք այնքան բան ունեք ցույց տալու աշխարհին: Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի նախագահն իր ուշադրության կենտրոնում են պահելու այն փոքր, բայց կարևոր համայնքը, որ կա այստեղ: Հնարավորության սահմաններում կաջակցենք, որ մեր ներկայությունը Երուսաղեմում լինի ավելի ամուր: Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում բացարձակ են և ոչ միայն մերն են, այլ համաշխարհային մշակույթինը»: Հայաստանի նախագահն իսրայելահայերին կոչ է արել որքան հնարավոր է հաճախ այցելել Հայաստան:

Lragir.am,
26-01-2020 14:16