ՀՀ նախագահն Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

26-01-2020 17:26

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը: -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ սերունդներին պատմությունը կրկին պատմելու մասին է: Սա նաև միասնական լինելու մասին է՝ ֆաշիզմը, ռասիզմը, ատելությունը, հակասեմականությունը դադարեցնելու համար: Կարծում եմ՝ 1915-ին կատարվածի մասին լռությունը հանգեցրեց նրան, ինչ մենք ունեցանք 1931-ին, 1936-ին, 1942-ին, ինչ տեղի ունեցավ Հոլոքոստի ժամանակ: Ձեր մասնակցությունն այս առանձնահատուկ և պատմական հավաքին շատ նշանակալից է: Մենք նաև պետք է նայենք ապագային: Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը հիմք կհանդիսանան, որ միասին ավելին անենք»: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Ձեր նշած նույն մտքերով եմ եկել Երուսաղեմ: Դրանք անցյալը հիշելու և ապագային նայելու մասին են: Ես կցանկանայի նայել դեպի ապագա, քանի որ վստահ եմ, որ Հայաստանի և Իսրայելի, հայ և հրեա ժողովրդի միջև փոխգործակցության և համագործակցության մեծ ներուժ կա: Առաջին հերթին մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ, ինչպես նաև շատ նման պատմական ճանապարհ ունենք, որը շարունակվում է մինչ օրս: Մենք նաև ժողովուրդներ ենք, որոնք կյանքը գերադասել են մահվանից: Մահը պատմականորեն միշտ մեզ հետապնդել է, բայց կյանքը միշտ եղել է մեզ հետ: Այստեղ եմ նաև կյանքին նայելու համար: Մենք, ձեզ և այլ ազգերի հետ միասին պայքարել ենք նացիզմի դեմ: Հպարտ եմ ասել, որ շուրջ վեց հարյուր հազար հայեր մարտնչել են խորհրդային բանակում, նրանցից երեք հարյուր հազարը զոհել են իրենց կյանքն այդ պայքարում: Եվ սա նախկին Խորհրդային Միության անդամ փոքր մի երկրի մասին է: Նրանք պայքարում էին նացիզմի դեմ, միևնույն ժամանակ, պայքարում էին իրենց հայրենիքի համար: Ավելի քան հարյուր հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ: Հայերն իրենց ներդրում են ունեցել աշխարհի, Խորհրդային Միության խաղաղության համար՝ պայքարելով բոլորիս համար: Հպարտ եմ լինել այստեղ՝ ներկայացնելով իմ ժողովրդին, որը մեծ ներդրում է ունեցել այդ պայքարում»: Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն: Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարներին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ապագան նորագույն տեխնոլոգիաներն են: Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել այս ոլորտում, և իր նպատակն է սերտ կապեր հաստատել Իսրայելի տեխնիկական համալսարանների հետ: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ՝ զբաղվելու արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով: Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև իսրայելական ընկերություններ, գիտակրթական հաստատություններ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության ներուժը բավականին մեծ է և պետք է շատ աշխատել՝ ներգրավվելով նաև երկու երկրների սփյուռքների ներկայացուցիչներին: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև կրթության, մշակույթի, տուրիզմի ոլորտները: Հայաստանի նախագահը Իսրայելի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան:

Lragir.am,
26-01-2020 17:26