5 ինդեքսներից 2-ում “թավշյա” հեղափոխությունն արձանագրել հետընթաց, 2-ում՝ առաջընթաց. Բագրատյան

26-01-2020 23:57

Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության ինդեքս (Կ.Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Իննովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International): Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP): Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ինչպիսին է դրանց էվոլյուցիան 2012-2019թթ: Դա իր մեջ պարունակում է նաև հայկական “թավշյա” հեղափոխության գնահատականը: Ինդեքսներից հիմնականը, անշուշտ, doing business-ն է: Այն իր հերթին ներառում է 12 ցուցանիշ և ներկայումս աշխարհում միակ քիչ թե շատ ընդունելի համաթիվն է, ինչը ներառնում բիզնես բացելուց անցումը դրա կառավարմանը, ֆինանսներին, ընթացիկ գործունեությանն ու փակմանը: DB 2020-ը հրապարակվեց 2019-ի հոկտեմբերին: ՀՀ-ն 47-րդ տեղում է՝ 2018-ի համեմատ նահանջելով 6 տեղ: Ու չնայած Կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահն ասաց, թե սխալմունք է եղել, հեսա կուղղենք, այդպես էլ ոչինչ չուղղվեց: 47-րդ տեղը ընդհանրապես վատագույն ցուցանիշներից մեկն է ՀՀ տնտեսական պատմության մեջ (մի անգամ եղել է 48 և 2017-ին՝ էլի 47): Մենք ունեցել ենք 32, 34, 35 և այլն տեղեր: Նշենք, որ 2019-ի Վրաստանի ցուցանիշն է՝ 7-րդ տեղ, Ադրբեջանինը՝ 34 և ՌԴ-ինը 28: Հաջորդը մրցունակության ինդեքսն է: Այս ցուցանիշով 69-րդն ենք, 2018-ի 70-րդի և 2017-ի 73-րդի փոխարեն: Ընդհանրապես այս ցուցանիշով առաջ էլ ելևէջներ են եղել: Այսպես, 2016-ին 79-րդն էինք, 2015-ին 82-րդը, իսկ 2014-ին 79-րդը և 2013-ին՝ 85-րդը: Չնչին առաջընթաց կա: Ոչ մի հեղափոխություն չկա: Ի դեպ 2019-ին 1 աստիճանով բարձրանալը ոչ միայն և ոչ այնքան մեր առաջընթացի, այլ Սերբիայի ու Վրաստանի համապատասխանաբար 6 և 8 աստիճանով նահանջելու արդյունք է: Իննովացիայի ինդեքս: Այս ցուցանիշով Հայաստանը նահանջել է՝ 2017-ի 59-րդ տեղից իջնելով 68-րդ տեղ 2018-ին և ապա մի փոքր բարձրանալով 2019-ին՝ 64-րդ տեղ: Սա էլ ոչ ավանդական էներգետիկայի, ՏՏ “առաջանցիկ” զարգացման ստերն է բացահայտում: Ժողովրդավարության ինդեքսով ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել. 2017-ի 111-րդ տեղից հայտնվելով 86-րդ տեղում: Այստեղ վճռական նշանակություն են ունեցել 2018-ի դեկտեմբերի պառլամենտական ընտրությունները: Առայժմ չեն գտել իրենց արտացոլումը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները: Առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի ինդեքսում՝ 107-րդ տեղից 2 տարում բարձրացել ենք 77-րդ տեղը: Ճիշտ է, այս ցուցանիշով մենք նախկինում եղել ենք նաև 94-95-րդ տեղերում (2013-2015թթ): Անառարկելի է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային ոլորտներում: Բայց որոշակի դեր է խաղացել նաև հայկական Transparensy International-ը, որը մայր կազմակերպություններից “թաքցրել” է բյուջեի միջոցների գրպանումը անսահմանաչափ պարգևավճարների տեսքով: Չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը և այլն: Ի վերջո, “տեղական” Transparensy International-ը ներկայումս պատգամավորներ ունի, “համագործակցում” է ՀՀ բյուջետային միջոցների հետ: Այսինքն՝ նա շահառու է և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին: Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած “առաջընթաց”ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում: Այսպիսով, քննարկված 5 ինդեքսներից 2-ում “թավշյա” հեղափոխությունն արձանագրել հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց:

Lragir.am,
26-01-2020 23:57