Ոստիկանությունը կես ժամում գտավ օտարերկրյա դիվանագետի մեքենայի գողացված հայելիները

27-01-2020 15:58

Հունվարի 26-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Տուժողից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը: Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումները տևեցին ընդամենը կես ժամ: Շուտով հայտնի դարձավ կասկածվողի գտնվելու վայրը: Երևանի բնակիչ, 18-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում խոստովանական բացատրություն տվեց: Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև գողացված հայելիները: Դեպքի հանգամանքները պարզվում են քննությունը շարունակվում է: Այս մասին նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Lragir.am,
27-01-2020 15:58